Հանձնաժողովի նախագահի պաշտոնից ինձ հեռացնելով՝ իշխանությունը չի կարող կասեցնել իրենց դեմ ուղղված իմ պայքարը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը՝ մեկնաբանելով իրեն պաշտոնազրկելու՝ իշխող խմբակցության սկսած գործընթացը:

«Սա դեռ միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումն է, երբ այն պաշտոնական դառնա, ես հայտարարություն կանեմ: Ամեն դեպքում ՔՊ-ի որոշումն ինձ համար առ ոչինչ է, որովհետեւ ՔՊ-ն եւ իր ղեկավարն ինձ համար առ ոչինչ են: Սա կոնկրետ իմ անձի դեմ արված որոշում է, որովհետեւ ես միշտ կոպիտ եմ արտահայտվել այս իշխանության հասցեին ու Նիկոլի կոկորդին մնացած ոսկոր եմ: Իրենք մտածում են, թե այս քայլով ինձ կդնեն անելանելի վիճակում, կտխրեցնեն, բայց չարաչար սխալվում են: Այդ պաշտոնն իմ երազանքը չէր: Հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնեմ, թե՝ ոչ, մանդատ ունենամ, թե՝ ոչ, ես պայքարելու եմ Նիկոլի եւ նիկոլիզմի դեմ»,- նշեց Վահե Հակոբյանը:

Վահե Հակոբյանի խոսքով՝ եթե իր պաշտոնազրկումը տեղի ունենա, իշխող խմբակցություն չի անտեսի Դոնթի բանաձեւ:

«Բաբկեն Թունյանը, որպես նախագահի տեղեկալ, կվարի նիստերը, իրենք էլ նախագահի պաշտոնում որեւէ մեկին չեն ընտրի: Իրենք անում են շատ ավելի վատ բաներ, ինչի մեջ մեղադրում էին նախկիններին: Դաշտում ցանկանում են մնալ միայն իրենք, բարի երթ եմ մաղթում»,- հավելեց Հակոբյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին՝ հունիսի 28-ին, իշխող խմբակցություն «Քաղաքացիական պայմանագիրը» որոշում է կայացրել Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու գործընթաց սկսել:

ՔՊ-ն Իշխան Սաղաթելյանին եւ Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու գործընթաց է սկսում