Հայաստանի գխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը իրավագիտության ոլորտում միշտ աչքի է ընկել հեղափոխական հայացքներով։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում հունիսի 29-ին, նոր գլխավոր դատախազի ընտրության հարցի քննարկման ժամանակ, ասել է խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Նշելով, որ վաղուց է ծանոթ Վարդապետյանի հետ, պատգամավորն ընդգծել է, որ նա միշտ աչքի է ընկել իր բարեվարքությամբ եւ նպատակասլացությամբ։ Վարդանյանը համոզված է, որ ներկա թեկնածուն ունի բարոյական բարձր եւ գլխավոր դատախազի պաշտոնի համար անհրաժեշտ բոլոր հատկանիշները։ «Առաջին անգամ Հայաստանում գլխավոր դատախազի պաշտոնին կին է հավակնում։ Ես համոզված եմ, որ Վարդապետյանը կարող է դառնալ  գլխավոր դատախազության խորհրդանիշն ու նոր կերպարը, որն, առաջին հերթին, կոչված է ապահովելու իրավունքների վերականգնումը եւ պահանջելու արդար դատարան»,- ասել է խորհրդարանականը։

Վարդանյանը նաեւ ավելացրել է, որ Աննա Վարդապետյանի սկզբունքայնությունը, հավատարմությունը դեմոկրատիայի եւ օրենքի գերակայության սկզբունքներին, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ հմտություններն ու գիտելիքները կնպաստեն նշված ոլորտի բարեփոխումներին։

Հիշեցնենք, որ վարչապետի օգնականը լինելով՝ Վարդապետյանը հայտնվել է սկանդալի կենտրոնում։ ԶԼՄ-ներում տարածվել է մի ձայնագրություն, որից երեւում է, որ նա «խմբագրել» է քրեական գործեր, որոնք վերաբերել են Ռուբեն Հայրապետյանին եւ նրա որդուն։ Հիմք ընդունելով նշված փաստերը՝ ընդդիմությունը կասկածներ է հայտնել ինչպես թեկնածուի բարեվարքության, այնպես էլ ինքնուրույն գործելու նրա կարողության հարցում։ Ընդդիմությունը պնդում է, որ, վարչապետի օգնականը լինելով նա, ըստ էության, կառավարող թիմի անդամ է։ Ընդդիմությունն ինքը, սակայն, խորհրդարանի արտահերթ նիստին այդպես էլ չի ներկայացել եւ շարունակում է բոյկոտել նրա աշխատանքը։