Եղբայրս և իր ծառայակից ընկերները տասնյոթ օր անմարդկային պայմաններում են ապրել: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Խծաբերդում գերեվարված զինծառայողներից մեկի քույրը:

«Դեկտեմբերի 13-ի առավոտյան եմ խոսել եղբորս հետ: Եղբայրս մոտավորապես տեղյակ էր, թե ինչ կարող էր լինել իրենց հետ: Անգամ զգուշացրեց, որ ինքն այդ օրը կարող է ընդհանրապես չզանգի՝ պատճառաբանելով, թե հեռախոսի մարտկոցը նստել է: Ավելի ուշ արդեն իմացանք դեպքի մասին: Մինչ այդ օրվա ընթացքում երեքից չորս անգամ խոսել ենք միմյանց հետ: Ասեմ, որ եղբայրս և իր ծառայակից ընկերները անմարդկային պայմաններում են գտնվել տասնյոթ օր: Դիրքից դիրք հաց և ջուր են տարել, իսկ փոխադրամիջոցը եղել է ձին: Չմեկնաբանեմ էլ, թե այս ամենը ինչպիսի վերաբերմունք է հայրենիքի սահմանը պահողին:  Ու տասնյոթ օր տանջված վիճակում իրենք ընկել են գերի»,- ասաց գերեվարված պահեստազորայիններից մեկի քույրը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Խծաբերդում գերեվարված զինծառայողների հարազատներն այսօր՝ հունիսի 29-ին, բողոքի ակցիա են իրականացրել ՌԴ դեսպանատան դիմաց: Նրանք պահանջում են ՌԴ դեսպանի հետ հանդիպում։ 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն առցանց մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանատվությունը վերագրեց ՌԴ խաղաղապահ առաքելությանը՝ ասելով, որ «հաստատված գերեվարված անձանց 90 եւ ավելի տոկոսը գերեվարվել են ռուս խաղաղապահների տեղակայումից հետո եւ նրանց պատասխանատվության գոտում», ինչից հետո գերիների հարազատները բողոքի գործողությունները սկսեցին Գյումրիում ՌԴ հյուպատոսության առաջ։