Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ էր ժամանել՝ Կասպյան հնգյակի գագաթաժողովին մասնակցելու համար, Թուրքմենստանի երկրորդ նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին ոսկեզօծ թրեր եւ շախմատ է նվիրել, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Զլատուստի վարպետների կողմից պատրաստված շախմատ: «Վերադարձող ձիավորը» քանդակը, այսինքն՝ ձիավորը եւ ձին, որը պատրաստել է Սանկտ Պետերբուրգի հայտնի քանդակագործ Լանսերեի ծոռը։ Եւ նաեւ երկու թուր ենք նվիրել՝ մեկը հին, մեկը նոր»,- պատմել է Պուտինը՝ ներկայացնելով նվերները:

Թուրքմենստանի նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը չորեքշաբթի՝ հունիսի 29-ին, նշում է ծննդյան 65-ամյակը։ Թուրքմենստանի ղեկավարի պաշտոնում Բերդիմուհամեդովն անցկացրել է 15 տարի՝ 2007-2022 թթ. Նրա իրավահաջորդն էր դարձել որդին՝ Սերդար Բերդիմուհամեդովը։