Ադրբեջանը և Թուրքիան, փորձում են օգտվել բարենպաստ պայմաններից, որպեսզի հասնեն «Զանգեզուրի միջանցքին»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Բաքվում կայացած Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների առաջին հանդիպմանը, որի ավարտին ԱԳ նախարարների կողմից ստորագրվել է Բաքվի հռչակագիրը՝ տրանսպորտային, էներգետիկ, լոգիստիկ ոլորտներում տարածաշրջանային համագործակցությունը խթանելու վերաբերյալ:

«44-օրյա պատերազմի ավարտից հետո, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի իրականացումը թուրք-ադրբեջանական օրակարգային խնդիրներից մեկն էր: Հակամարտության բոլոր բաղադրիչների մեջ այս խնդիրը ուներ առանցքային նշանակություն: Ես հիմա մտաբերում եմ պատերազմից հետո  թուրքական լրատվադաշտում լույս տեսսած հրապարակումները: Պատերազմը իրենց համար ճանապարհը ստանալու հնարավորություն էր: Հետագայում Ադրբեջանի նախագահի շուրթերով արդեն իսկ ստացավ «Զանգեզուրի միջանցք» անվանումը: Սկսած 2021 թ. հունվարից, երբ պատերազմից հետո առաջին անգամ տեղի ունեցավ եռակողմ հանդիպում, այդ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռքբերվեց փոխվարչապետերի մակարդակով հանձնաժողով ձևավորելու, որը փորձելու էր դարձնել իրականություն հենց այս բաղադրիչը:  Բայց ակնհայտ է, որ դեռևս այն ժամանակվանից այն իրավական հիմքերը, որ կան նոյեմբերի 9-ի պայմանագրում, և որը զարգացնելու էր հունվարի 11-ի հայտարարությունում, և եռակողմ հանձնաժողովների մակարդակում, բնավ չէին բխում ադրբեջանական կողմի շահերից, քանի որ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան ձգտում են ստանալ մի ճանապարհ, որը դուրս կլիներ որևէ երրորդ դերկատարի վերահսկողությունից: Ակնհայտ է, որ վերջին հանդիպումների ընթացքում բանակցությունները ընթանում են ճանապարհի այնպիսի բանաձևով, որը հիմնված է բոլոր երկրների սուվերենության վրա, իսկ անցումը միջզգային, մաքսային և սահմանային սկզբունքների համապատասխան: Ինչը չի բխում ադրբեջանական կողմի շահերից: Ե՛վ Ադրբեջանը և՛ Թուրքիան ունեն իրենց օրակարգը և ձգտում են հասնել այդ օրակարգին իրենց միջոցներով»,- ասաց Պետրոսյանը:

Ըստ Արամ Պետրոսյանի՝ ուկրաինական ճգնաժամը նոր հնարավորություն է ընձեռել և՛ Ադրբեջանին, և՛ Թուրքիային առաջ  մղելու սեփական օրակարգը:

«Եռակողմ հանդիպման նպատակը Արևմուտք-Արևելք միջանցքի զարգացումն էր: Իսկ սա ինչու՞ է կարևոր: Մենք գիտենք, որ ուկրաինական չգնաժամի հետևանքով Արևմուտքը ձգտում է չօգտվել Ռուսաստանի տարածքով անցնող ճանապարհներից՝ նպատակ ունենալով թուլացնել ցանկացած ոլորտում Ռուսաստանի ազդեցությունը: Իսկ Ադրբեջանը ու Թուրքիան փորձում են օգտվել այս իրավիճակից, որպեսզի կյանքի կոչեն իրենց նպատակները: Ադրբեջանը և Թուրքիան իրենց ուղերձներն են հղում մեր տարածաշրջանում տրանսպորտային, էներգետիկ լրջագույն հանգույցի վերածելու համար: Այդ հանգույցի կարևորագույն բաղադրիչ նշվում է տարածաշրջանում ճանապարհները ապաշրջափակելու գործընթացը, և հատկապե «Զանգեզուրի միջանցք» եզրույթը: Նրանք փորձում են օգտագործել միջազգային բարենպաստ իրավիճաը, որպեսզի լեգիտիմություն հաղորդեն իրենց ծրագրին»,- ասաց Պետրոսյանը: