Թուրքիան կրկին կպահանջի Շվեդիայից եւ Ֆինլանդիայից նարտահանձնել այն անձանց, ում ահաբեկիչ է համարում, այն բանից հետո, երբ երկրները համաձայնության եկան հյուսիսային երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտերի շուրջ։ Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։

«ՔԱԿ-ի վեց անդամների, իսլամական քարոզիչ Ֆեթուլա Գյուլենի շարժման վեց անդամների վերաբերյալ փաստաթղթերն արդեն ուղարկվել են Ֆինլանդիա, սպասվում է որոշում Շվեդիայում Գյուլենի շարժման 10 անդամների եւ ՔԱԿ-ի 11 անդամների արտահանձնման վերաբերյալ։ Համաձայնագրից հետո մենք կրկին կխնդրենք արտահանձնել նրանց»,- Բոզդաղի խոսքերը մեջբերում է պետական ​​«Անադոլու» լրատվական գործակալությունը:

Երեք երկրների կողմից երեքշաբթի ստորագրված հուշագրի տեքստում Ֆինլանդիան եւ Շվեդիան պայմանավորվել են «արագ եւ մանրակրկիտ քննարկել ենթադրյալ ահաբեկիչներին արտաքսելու կամ արտահանձնելու հայտերը… հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի համաձայն»:

«Որքանով ես գիտեմ, մինչ այժմ մեր դեմ ոչ մի պահանջ չի ներկայացվել»,- չորեքշաբթի Մադրիդում լրագրողներին ասել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն:

Երեքշաբթի նա ասել էր, որ ստորագրված հուշագրում արտահանձնման ենթակա անձինք նշված չեն, եւ որ Ֆինլանդիան կշարունակի հետեւել եվրոպական կանոններին արտահանձնման իր որոշումներում։ «Այս պահին մենք փաստացի արտահանձնման հայտ չունենք: Մենք մշակել ենք 16-ից 14-ը (Թուրքիայից ստացված հարցումների), եւ երկու որոշում արգելափակվել է, քանի որ նպատակները պարզ չէին»,- լրագրողներին ասել է Նիինիստյոն։
Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը հայտարարել է, որ Շվեդիան կշարունակի հետեւել արտահանձնման մասին տեղական եւ միջազգային օրենքներին։ «Կախված է նրանից, թե ինչ տեղեկատվություն կստանանք Թուրքիայից այս ոլորտում»,- ասել էր նա Reuters-ին։