Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական գործընկերության խորացումը հակասում է ՆԱՏՕ-ի «արժեքներին եւ շահերին»: Այս մասին ասվում է դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգում։

«Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) հայտարարված հավակնությունները եւ հարկադրանքի քաղաքականությունը մարտահրավեր են նետում մեր շահերին, անվտանգությանը եւ արժեքներին: ՉԺՀ-ն քաղաքական, տնտեսական եւ ռազմական գործիքների լայն շրջանակ է օգտագործում՝ իր գլոբալ ներկայությունը եւ հզորության կանխատեսումը մեծացնելու համար՝ միաժամանակ անթափանց մնալով իր ռազմավարության, մտադրությունների ե ռազմական հզորության մասով:

Չինաստանի չարամիտ հիբրիդային եւ կիբեր գործողությունները, ինչպես նաեւ դրա առճակատային հռետորաբանությունը եւ ապատեղեկատվությունն ուղղված են դաշնակիցներին եւ վնասում Հյուսիսատլանտյան դաշինքի անվտանգությանը: ՉԺՀ-ն ձգտում է վերահսկել հիմնական տեխնոլոգիական եւ արդյունաբերական ոլորտները, կարեւոր ենթակառուցվածքները եւ ռազմավարական նյութերն ու մատակարարման շղթաները: Այն օգտագործում է իր տնտեսական լծակները ռազմավարական կախվածություն ստեղծելու եւ իր ազդեցությունը մեծացնելու համար։ Այն ձգտում է խաթարել կանոնների վրա հիմնված միջազգային կարգը, այդ թվում՝ տիեզերքում, կիբերտարածության մեջ եւ ծովում:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմավարական գործընկերության խորացումը եւ կանոնների վրա հիմնված միջազգային կարգը խաթարելու նրանց փոխադարձ ամրապնդող փորձերը հակասում են մեր արժեքներին եւ շահերին։

Մենք բաց ենք մնում Չինաստանի հետ կառուցողական փոխգործակցության համար, այդ թվում՝ փոխադարձ թափանցիկության ապահովման՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անվտանգության շահերի պաշտպանության նպատակով:

Մենք պատասխանատու կերպով կաշխատենք միասին՝ որպես դաշնակիցներ՝ ՉԺՀ-ի կողմից եվրատլանտյան անվտանգությանն ուղղված համակարգային մարտահրավերների լուծման եւ ՆԱՏՕ-ի՝ դաշնակիցների պաշտպանությունն ու անվտանգությունը երաշխավորելու հզոր կարողության ապահովման համար: Մենք կբարձրացնենք մեր ընդհանուր տեղեկացվածությունը, կայունությունը եւ պատրաստվածությունը, ինչպես նաեւ կպաշտպանենք ՉԺՀ-ի հարկադրական մարտավարությունից եւ Դաշինքը պառակտելու ջանքերից:

Մենք կպաշտպանենք մեր ընդհանուր արժեքները եւ կանոնների վրա հիմնված միջազգային կարգը, այդ թվում՝ նավարկության ազատությունը»,- նշվում է փաստաթղթում: