Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «չէր ներխուժի Ուկրաինա, եթե կին լիներ», եւ պատերազմը «թունավոր առնականության կատարյալ օրինակ է համարում»։

Մեծ յոթնյակի գագաթաժողովից հետո գերմանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Մեծ Բրիտանիայի վարչապետը Ռուսաստանի նախագահի սեռը «հակամարտությանը նպաստող գործոն» է անվանել։ «Եթե Պուտինը կին լիներ, ինչպիսին նա ակնհայտորեն չի հանդիսանում, եթե լիներ, ես իսկապես չեմ կարծում, որ նա ներխուժման եւ բռնության խելագար պատերազմ կսկսեր այնպես, ինչպես արեց դա: Եթե ​​ձեզ թունավոր առնականության կատարյալ օրինակ  է պետք, դա այն է, ինչ նա անում է Ուկրաինայում»:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ջոնսոնի խոսքերը՝ դրանք «ֆանտազիայի» մարմնացում անվանելով։ «Ջոնսոնը հայտարարել է, որ «եթե Պուտինը կին լիներ», հատուկ օպերացիա չէր ձեռնարկի։ «Այ դա Բորիս Ջոնսոնի ֆանտազիան է։ Այդ ինչո՞վ էին նրանք այնտեղ յոթնյակով զբաղված»,- գրել է նա իր Telegram ալիքում։

«Ծերուկ Ֆրոյդն իր կենդանության օրոք կերազեր այդպիսի օբյեկտ հետազոտել», «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում Ջոնսոնի խոսքերը։