Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 30-ի նիստում ՀՀ կառավարության կողմից Կենտրոնական բանկին տրամադրված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակը փոխարինելու մասին որոշում կայացրեց:

Նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի դրույթների պահանջներից, որի համաձայն ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռում, ֆինանսական տարվա արդյունքում առաջացած վնասը պահուստների հանրագումարը գերազանցելու դեպքում  ՀՀ կառավարությունը` գերազանցող գումարի չափով, օրենքով սահմանված կարգով, որպես ներդրում ՀՀ կենտրոնական բանկի կապիտալում բանկին տրամադրում է անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակներ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի առնելով, որ ՀՀ կենտրոնական բանկի 2021 թվականի համախմբված ֆինանսական հաշվետվությունների համաձայն հաշվետու տարվա վնասը գերազանցել է պահուստների հանրագումարը 38,618,777,347 ՀՀ դրամ գումարի չափով, առաջարկվում է ՀՀ կառավարության կողմից ՀՀ կենտրոնական բանկին տրամադրված 15,776,447,001 ՀՀ դրամ անվանական արժեքով անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակը փոխարինել 54,395,224,348 ՀՀ դրամ անվանական արժեքով անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակով: