Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 30-ի նիստում պտական գույք օտարելու վերաբերյալ որոշում կայացրեց: Խոսքը Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 37 հասցեում գտնվող 319.9 քմ մակերեսով տարածքի, ինչպես նաև շենքի զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 876.95 քառ. մետր մակերեսով հողամասից 320/2626 բաժնային մաս հանդիսացող հողամասի մասին է:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ԿԳՄՍ նախարարությունը դեռևս 05.08.2021թ. գրությամբ տեղեկացրել էր Պետական գույքի կառավարման կոմիտեին, որ «Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը` իր կողմից օգտագործվող տարածքների մոնիտորինգի արդյունքում պարզել է, որ ՀՀ սեփականությունը հանդիսացող  Երևան քաղաքի Մոսկովյան 37 շենքի հասցեում գտնվող 319.9  քառ.մետր մակերեսով  թիվ 37  տարածքի հետագա օգտագործումը  աննպատակահարմար է, քանի որ տարածքը գտնվում է  ոչ բարվոք վիճակում՝ նկուղային հարկ, որտեղ բացակայում է անհրաժեշտ լուսավորությունն ու օդափոխությունը։ Վերանորգոման աշխատանքների համար պահանջվում  են ֆինանսական մեծ ներդրումներ, որը Ընկերությունը չի կարող իրականացնել։ Ընկերությունը նշված տարածքը առաջարկել էր թողնել Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը։

Ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող Մոսկովյան 37 հասցեում գտնվող գույքը ներկայացնել օտարման՝դասական աճուրդով:

Աճուրդով օտարման ենթակա Գույքի վաճառքի մեկնարկային գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝113 790 000 դրամը, ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 35 265 012 դրամ։

Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝  193 164 դրամը։