Բրազիլիայի ամենամեծ պետական բանկի՝ Caixa Economica Federal-ի տնօրեն Պեդրու Գիմարայսը չորեքշաբթի հրաժարական է տվել ենթակաների հանդեպ ոտնձգություններ կատարելու մեղադրանքների համատեքստում։ Նախագահի հրամանագիրն այս մասին հրապարակվել է կառավարության պաշտոնական Diario Oficial da Uniao տեղեկագրում։

Նախօրեին մայրաքաղաքի Metropoles պարբերականը տեղեկացրել էր այն մասին, որ բանկի ղեկավարի աշխատակազմի մի քանի աշխատակցուհիներ իրենց պետին մեղադրել են  անպարկեշտ վարքագծ մեջ։ Նրանց խոսքով՝ նա իրենց հետ շփվելիս անձնական տարածությունը չի պահպանել, ձեռք է տվել նրանց մարմինների ինտիմ մասերին, աշխատանքային ուղեւորությունների ժամանակ հրավիրել է հյուրանոցի իր համարը, երկիմաստ ակնարկներ արել։

Երկրի նախագահ Ժայիր Բոլսոնարուին ուղղված հրաժարականի խնդրագրում 51-ամյա Գիմարայսը հերքել է իրեն ներկայացվող մեղադրանքները՝ նշելով, սակայն, որ չի ցանկանում «վնաս հասցնել հաստատությանն ու կառավարությանը՝ դառնալով քաղաքական ատելության առարկա ընտրությունների տարում»։ Գիմարայսը, որը Caixa Economica Federal-ը գլխավորել է Բոլսոնարուի կողմից նախագահի պաշտոնը զբաղեցնելուց անմիջապես հետո՝ 2019թ. հունվարին, պետության ղեկավարի ամենամոտ զինակիցներից էր, մշտապես հայտնվել է սոցցանցերում նախագահի ամենշաբաթյա ուղիղ միացումների եթերում, ուղեկցել է նրան երկրում կատարած ուղեւորությունների ժամանակ։

Caixa Economica Federal-ի նոր տնօրեն է դարձել Դանիելա Մարկես Կոնսենտինոն, մինչ այդ նա զբաղեցնում էր Բրազիլիայի էկոնոմիկայի՝ աշխատանքի արտադրողականության եւ մրցակցության զարգացման գծով փոխնախարարի պաշտոնը։