ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին F-16 կործանիչներ է խոստացել, գրում է NTV-ը։ Հեռուստաալիքի աղբյուրները պնդում են, որ բանակցությունների ընթացքում ամերիկացի առաջնորդը գործընկերոջը խոստացել է որոշակի ջանքեր գործադրել՝ գործարքը Կոնգրեսով անցնելու համար։

Խոսքը 40 նոր F-16 Block 70 կործանիչների եւ Թուրքիայի գործող ինքնաթիռների արդիականացման մասին է։ Սպիտակ տան պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ Բայդենն ու Էրդողանը քննարկել են Անկարային F-16-ներ մատակարարելու հարցը, սակայն ԱՄՆ նախագահի վարչակազմը դեռ չի հաստատել Բայդենի կողմից որեւէ խոստման փաստը։

Թուրքական կողմն այս քայլին գնացել է Ստոկհոլմի ու Հելսինկիի հետ վեճերը հարթելուց հետո, որոնք տեղի էին ունենում ԱՄՆ-ի անմիջական մասնակցությամբ։ Սակայն Վաշինգտոնը պնդում է, որ Թուրքիային ոչինչ չի առաջարկվել ՆԱՏՕ-ին հյուսիսային երկու պետությունների անդամակցությանն աջակցելու դիմաց։