Կառավարության դիմաց բողոքի ակցիա է իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Արաբաջյանի հայրը՝ Աղասի Արաբաջյանը: Նա նշեց, որ մինչեւ այսօր որդւո դիակն իրեն չեն տվել:

Գեւորգ Արաբաջյանը Տավուշի Վազաշեն գյուղից է:

«Պատերազմից ինչքա՞ն է անցել, ասում են՝ արի, համընկնում կա: 20 հատ դիակ են ինձ ցույց տալիս: Երբ իմ որդու անունը զոհվածների ցուցակում եղել է, ես հոկտեմբերի 18-ին գնացել եմ Գորիս, Կուբաթլի: Բոլորը եկել ցավակցել են: Ասել եմ՝ բա դիակն ուր է, ասել են՝ ավտոն հալել է, չկա, ի՞նչ դիակի մասին է խոսքը: Ես քանի անգամ նամակ եմ գրել վարչապետին, խնդրել եմ, որ գոնե դիակի մոխիրը տան: ՊՆ ենք գնացել, էնտեղ նշված է, որ այդ երեխան հուղարկավորված է Ազատամուտ գյուղում, աջակցությունն էլ ստացել է: Մեր տան հասցեով, փողոցով, բայց հուղարկավորված չի:

Գնդապետ Լեւոն Բիշարյանն ասում է՝ ինչ տալիս են, տար հուղարկավորի, 2 օրից գնա քանդի, ասա՝ իմ երեխեն չի:

Հանդիպել ենք վարչապետի հետ, ես անուններ եմ տվել ու ասել եմ, որ երեք հոգու մորթելու եմ, էս հարցին լուծում տվեք: Թող ձերբակալեն, ես կորցնելու բան չունեմ: Ոստիկանն ասում է՝ դու չես կարող մարդ մորթել, ոտքերիս տակ մատաղ կանեմ էդ ոստիկանին:

Ես իմ երեխու ատամնաշարի քարտը վերցրել եմ ատամնաբույժից, անգամ առանց ԴՆԹ-ի ես կարող եմ ասել՝ իմ երեխան է, թե ոչ: Գտել են Ուրալը Ջաբրայիլում, մասունքի վրա գրված է Գեւորգ Արաբաջյան, եկել ենք մորգ, մասունքը չկա: Հետո ասացին՝ սխալմունք է եղել, դա լեյտենանտ է եղել, ձեր երեխան չի: Հիմա էլ նորից ասում են՝ ինքն է եղել»,-ասաց հայրը:

Աղասի Արաբաջյանը նշեց, որ զինվորների պատմելով որդուն ադրբեջանցիները տարել են հենց իր մեքենայով, որի վարորդը եղել է Գեւորգը: Նա համոզված է, որ որդուն գերեվարել են:

«Ես երեք հատ վիդեո էլ ունեմ, մեկի մեջ շրջափակումից իմ երեխուն սպեցնազը հանում է, մյուս երկուսն էլ արդեն դեկտեմբեր-հունվարին զորավարժություն է անում, մորուքով, երկար մազերով: Ես չգիտեմ որտեղ է դա: Կինս էլ էս ամենից հետո ինսուլտ տարավ, մահացավ: Հիմա ես պահանջում եմ, որ վարչապետը դուրս գա, պատասխան տա»,-ասաց նա: