Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը չի կարող մեղադրանք առաջադրել Նիկոլ Փաշինյանին, քանի որ ինքը Փաշինյանի կամակատարն է: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, բողոքի ակցիայի ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում զոհված զինծառայողի ծնող Սեւակ Զաքարյանը:

«Քյարամյանը մեզ հետ հանդիպմանն անլուրջ մարդու տպավորություն թողեց: Ոչ մի շարժ չկա այդ գործում: Ամսից ավել է անցել, ասում ՝ գործին եմ ծանոթանում: Չենք հավատում, որ Նիկոլ Փաշինյանին հարցաքննության կկանչի: Հույս ունենք, որ գոնե ԱԱԾ-ում որեւէ շարժ կլինի: Մենք ուզում ենք հանդիպել Արթուր Դավթյանին որպեսզի հասկանանք՝ ինքն ի զորո՞ւ է հարցը լուծել, թե՞ իրեն էլ պետք է թելադրեն՝ ինչ անի»,- նշեց նա:

Զոհված զինծառայողի ծնողի խոսքով՝ Քննչական կոմիտեում միտումնավոր ձգձգում են գործը՝ Նիկոլ Փաշինյանին հարցաքննության չկանչելու համար:

«Մենք մեկուկես տարի համբերել ենք՝ մտածելով, որ դավաճանը ինչ-որ բան կանի, բայց եղավ հանրահայտ ելույթն Ազգային ժողովում, որտեղ ինքն խոստովանություն արեց: Նիկոլ Փաշինյանն է մեր երեխաների դահիճը: Իհարկե, ներքին օղակներում կան դավաճաններ, սակայն գլխավորն ինքն է»,- ընդգծեց Սեւակ Զաքարյանը: