Դատախազության շենքի առջեւ այսօր՝ հունիսի 30-ին, բողոքի ակցիա իրականցնող զոհված զինծառայողների ծնողներից տասը մտան շենք՝ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ սպասվող հանդիպմանը լրատվամիջոցների ներկայության պահանջով:

Նշենք, որ ավելի վաղ Դատախազությունից առաջարկել էին վերեւ բարձրանալ երկու հոգով, սակայն ծնողները մերժել էին առաջարկը՝ պահանջելով նվազագույնը ութ ծնողների ներկայություն:

Ավելի ուշ Դատախազությունից նշել էին, որ տասը ծնող կարող է բարձրանալ, սակայն առանց լրատվամիջոցների ներկայության եւ առանց հեռախոսների:

NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ ծնողները շենք են մտել առանց հեռախոսների՝ լրատվամիջոցների ներկայության պահանջով:

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում Դատախազության շենքի առջեւ: Նրանք ցանկանում են հանդիպել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Նրանց պահանջն է, որ Դատախազությունը Քննչական կոմիտեում 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) հարուցված գործը փոխանցվի ԱԱԾ-ին:

Նրանք պահանջում են նաեւ, որ գործը քննվի առերեւույթ պետական դավաճանության 299 հոդվածով, Նիկոլ Փաշինյանը կանչվի հարցաքննության եւ գործում ընդգրկվի որպես մեղադրյալ: