Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր Հայաստանը շատ կառուցողական է եղել: Այս մասին, այսօր՝ հունիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

«Հայաստանն ունի քաղաքական կամք և ցուցադրել է այդ քաղաքական կամքը՝ արագ կարգավորման հասնելու։ Գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի համապատասխան կառուցողականությունից և քաղաքական կամքից։ Ինչպես տեսնում եք՝ մինչև այս պահն առանձնապես մեծ առաջընթաց չկա, դա տեսանելի է», - ասաց Ռուբինյանը։

Նա նշեց, թե սահմանային վերասահմանազատման հարց չի քննարկվում, քննարկումներում այդպիսի հարց չկա։

Պատգամավորի խոսքով՝ նման գործընթացներում ամենակարևորը քաղաքական կամքն է, եթե այն կա, ապա հանդիպման վայրը դառնում է տեխնիկական հարց. «Բացի այս, Թուրքիայի կողմից հնչեցված առաջարկը՝ հանդիպումն անցկացնել Երեւանում, երթադրում է, որ մեր թուրք գործընկերները գործընթացն ուզում են տեսնել  որպես իրապես երկկողմ գործընթաց: Բայց այդ համատեքստում մի փոքր տարօրինակ են Թուրքիայի տարբեր պաշտոնյաների հայտարարություններն առ այն, որ իրենք գործընթացը կոորդինացնում են կամ համաձայնեցնում են Ադրբեջանի հետ: Բայց կրկնում եմ,  այս գործընթացներում ամենակարեւորը քաղաքական կաամքն է, եթե այդ կամքը կա, մնացածը շատ հեշտ լուծվող հարցեր են» - ասաց Ռուբինյանը։

Անդրադառնալով Թուրքիայի իշխանությունների՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարություններին՝ նա ընդգծեց, թե դրանք ոչ մի կերպ չեն նպաստում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին, թերևս նույնիսկ հակառակը՝ խանգարում են: «Զանգեզուրի միջանցք չկա մեր օրակարգում: Հայաստանը միջանցքային տրամաբանության որեւէ նախագիծ, որեւէ երեւույթ չի քննարկել, չի քննարկում եւ չի քննարկելու: Բացի դրանից Հայաստանում Զանգեզուր անունով տարածքային միավոր գոյություն չունի»: