ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ մոտ օրերս ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով որոշում կայացվի:

Դիտարկմանը, որ եթե ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ու տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը զրկվեն պաշտոններից, նորից ընդդիմությունը պետք է թեկնածուներ առաջդրի, նորից պետք է ընտրվեն, որը ժամանակ է պահանջում, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանն ասաց. «Իսկ ով ասաց, որ պետք է ընտրենք: Այդ պաշտոնները կարող են թափուր մնալ: Բայց ես չեմ բացառում, որ կընտրենք: Եթե նորմալ թեկնածու առաջադրի ընդդիմությունը, միանշանակ կընտրենք: Դե օրինակ, իմ անձնական չափանիշն այն է, որ լկտի չլինի, որ իրեն քաղաքական գործչին վայել պահի, իր գործառույթները լավ կատարի, նիստերին մասնակցի, ԱԺ խորհրդի նիստերին մասնակցի, որ ուղղակի աշխատավարձ չստանա: Եթե ասում են՝ սա քաղաքական պայքար է, մեր առջեւ ավելի լուրջ խնդիրներ են ծառացած, քան օրենսդրական նախաձեռնությունը, բա աշխատավարձն ինչի՞ եք ստանում բանկոմատից: Սեն յակները ունեն, մեքենաներից օգտվում են, գործուղումներից մեկումեջ օգտվում են: Ես վստահ չեմ, որ իրենց մեջ կլինեն մարդիկ, որոնք կգիտակցեն, որ իրենք քաղաքական գործիչ են եւ կգան քաղաքական գործունեությամբ զբաղվելու: Իրենք միատարր չեն, կա Քոչարյանի թեւը, ՀՅԴ-ի թեւը, Վահե Հակոբյանի թեւը, էնտեղ կոնկրետ մարդիկ կան, որ մեկ այստեղի արբանյակն են, մեկ մյուս թեւի: Մենք ոչ մեկի հետ էլ չենք բանակցում»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ եթե այսօր ընտրություն լինի, այսօրվա խորհրդարանական ընդդիմադությունը նույնիսկ ԱԺ չի անցնելու:

«Ապաշնորհ, այլ շահեր ունեցող քաղաքական գործչի ավարտը դա է: Վարչապետն ասում է՝ եթե հետաքրքիր է, ինչ է կատարվում, եկեք քննարկենք, նստեռնք խոսենք; Իրենք ասում են՝ մենք ձեզ հետ քննարկելու բան չունենք, մենք միայն կքննարկենք ձեր հրաժարականի հարցը: Մեռանք հրաժարական տալով, ընտրությունները կրելով, է հետո՞:

Հիմա կամ գալու են, խելոք նստեն կամ զրկվելու են մանդատներից այնքան ժամանակ, մինչև իրենց ցուցակից կգան նորմալ պատգամավորներ։ Ես, օրինակ, ողջունում եմ Արթուր Վանեցյանի արածը: Մարդն ասաց` ես չեմ վերադառնալու և դրեց մանդատը։ Իշխան Սաղաթելյանը պետք է ոչ թե հարցազրույց տա և ասի` մենք գնալու ենք մեր օրակարգով, այլ պետք է ասի՝ ես քաղաքական գործընթաց եմ սկսել, ընդունել եմ իմ պարտությունը, հիմա ես դնում եմ իմ մանդատը և գնում եմ։ Ընդդիմություն եղած ժամանակ մենք պարտվեցինք ընտրություններում, ՔՊ վարչությունը հրաժարական տվեց։ Դե թող ցույց տան, որ սա պաշտոնակռիվ չի։ Սա պաշտոնակռիվ է, սա անձեռնմխելիության և աշխատավարձ ստանալու խնդիր է»,- ասաց Սիմոնյանը։

Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ հենց ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանին որոշեցին զրկել պաշտոնից, Սիմոնյանը պատասխանեց. «Ինչու Իշխան Սաղաթելյանը ընդդիմության առաջնո՞րդն էր, Սերժ Սարգսյանn անիծեց նրան այդ բառերով, ոչ թե ասաց, այլ ճանապարհեց: Շնորհակալություն դրա համար, պարո՛ն Սարգսյան։ Երբ Իշխան Սաղաթելյանի ուսին տմբտմբացնում էին և ասում էին՝ դու ճիշտ ես, այդպես նրան բերեցին ու դրեցին մեր զոհասեղանին։ Ցավալի է, որ Հայաստանում այևս ընդդիմություն չկա»:

Դիտարկմանը՝ արդյոք քաղաքական դրդապատճառներով են որոշել պաշտոններից զրկել Վահե Հակոբյանին և Իշխան Սաղթելյանին, Սիմոնյանը ասաց․«Շատ եք գերագնահատում այդ երկու անձնավորություններին: Իսկ ովքե՞ր են իրենք քաղաքական առումով, գիգանտնե՞ր են։ Իրենք ինչ արել են, արել են ի օգուտ մեզ և ի վնաս իրենց»։