Կառավարությունն իր յսօրվա՝ հունիսի 30-ի նիստում փոփոխություն է կատարել Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում, ըստ որի պտուղբանջարեղենի մթերումների համար տրամադրվող վարկի չափի հաշվարկում ներառվող պայմանագրերի կնքման համար սահմանված մինչև հունիսի 1-ը վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև հոկտեմբերի 1-ը։

Արդյունքում հնարավորություն կտրվի պտուղբանջարեղենի գնումներ կատարող ընկերություններին ծրագրից օգտվելու նպատակով հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը կնքելու պտուղբանջարեղենի գնման պայմանագրեր, որով կապահովվի պտղի, մասնավորապես՝ ծիրանի մթերումների և դրանց դիմաց կատարվող վճարումների գործընթացները։

Հիմնավորման համաձայն, ծրագրի շրջանակում պտուղբանջարեղենի մթերումների (գնումների) համար տրամադրվող վարկի չափը հաշվարկվում է հումքի գնման այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև տվյալ տարվա հունիսի 1-ը։ Հիմնավորման համաձայն, մինչև հունիսի 1-ը շուրջ 1361 գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել է հումքի գնման 1510 պայմանագիր։

Պայմանագրերի գերակշիռ մասը կազմում են բանջարեղենի, մասնավորապես՝ լոլիկի գնման պայմանագրերը, իսկ պտղի մասով կնքված պայմանագրերը շատ փոքր տոկոս են կազմում։ Վերջին օրերին արտահանման լոգիստիկ խնդիրներով պայմանավորված լուրջ խնդիրներ են առաջացել պտղի, մասնավորապես՝ ծիրանի արտահանման համար և անհրաժեշտություն է առաջացել արտադրված ծիրանի բերքի իրացումն ապահովել վերամշակողների կողմից մթերելու միջոցով, մինչդեռ ծրագրի շրջանակում պտուղբանջարեղենի մթերման պայմանագրերի կնքման՝ մինչև հունիսի 1-ը սահմանված վերջնաժամկետը խոչընդոտում է տնտեսավարողներին նոր պայմանագրեր կնքելու և մթերվող բերքի արժեքը վճարելու համար։