Դատախազության շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա են իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, անցորդներից մեկը վիրավորեց զոհված զինծառայողի հորը, որից հետո քաշքշուկ սկսվեց, քաղաքացին հարվածեց զոհվածներից մեկի հորը: Ոստիկանները արագ այդտեղից հեռացրին քաղաքացուն:

«10 ոստիկանով չեք կարո՞ւմ մի խուլիգանի բռնեք: Մեր տղաներից մեկն ասաց՝ թող գնա: Ինքն էլ թե՝ ախպեր, ես եկել եմ դատախազության դեմը նկարվեմ: Տղես պիտի լիներ, որ մեջտեղից կիսեր, ես մեծ մարդ եմ, խուժանի մեկը: Ու 50 ոստիկանով չկարողացան մի թուլի բռնեին: Պարապած էկել էր, զինվորի ծնողին խփեց, գետնին գցեց»,-ասաց հարված ստացած տղամարդը՝ Վիգեն Ազատյանը:

Ոստիկաններն ասացին, որ այդ քաղաքացին հիմա ոստիկանության բաժնում է:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա էին անցկացնում Դատախազության շենքի առջեւ: Նրանք ցանկանում էին հանդիպել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Նրանց պահանջն է, որ Դատախազությունը Քննչական կոմիտեում 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) հարուցված գործը փոխանցվի ԱԱԾ-ին:

Նրանք պահանջում են նաեւ, որ գործը քննվի առերեւույթ պետական դավաճանության 299 հոդվածով, Նիկոլ Փաշինյանը կանչվի հարցաքննության եւ գործում ընդգրկվի որպես մեղադրյալ: