Դատավոր Մնացական Մարտիրոսյանի պարագայում սպասելի էր ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանքի տակ թողնելու որոշումը։ Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Նշենք, որ քիչ առաջ դատարանը՝ նախագահությամբ Մնացական Մարտիրոսյանի, մերժեց Աղվան Հովսեփյանին կալանքից ազատելու մասին միջնորդությունը։

«Մենք բարձրացրել էինք նոր հանգամանք՝ Աղվան Հովսեփյանի հիվանդության հարցը։ Ներկայացրել ենք բավարար փաստական տվյալներ, որտեղ ակնհայտ էր, որ այն հիվանդությունը, որն առկա է պարոն Հովսեփյանի մոտ, ակնհայտ անհամատեղելի է կալանավորման հետ։ Իրավական ողջամտությունը պահանջում է, որ տվյալ պարագայում եթե նույնիսկ խափանման միջոցի փոփոխություն դատարանը չէր տեսնում, գոնե սեփական նախաձեռնությամբ պետք է նշանակվեր բժշկական համապատասխան փորձաքննություն»,- նշեց Ալեքսանյանը։

Պաշտպանը հայտնեց, որ պատրաստվում են բողոքարկելու առաջին ատյանի որոշումը. «Հենց այսօր ներկայացնելու ենք միջնորդություն՝ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։ Եվս մեկ անգամ խնդրելու ենք հրատապ դատական նիստ հրավիրել, եւ այդ փորձաքննության վերաբերյալ մեր միջնորդությունը քննարկել՝ չսպասելով հուլիսի 7-ին նշանակված դատական նիստին։ Սա պարզապես խայտառակություն է, չգիտենք՝ էլ ինչ ասենք, որ հասու լինի այս մարդկանց»։

Էրիկ Ալեքսանյանն ընդգծեց, որ այսպիսով գործ ունեն ուշացած արդարադատության հետ. «Ակնհայտ է, որ անհամատեղելիություն կա։ Միեւնույն ժամանակ ակնհայտ է, որ եթե փորձաքննություն նշանակվի, եթե իհարկե միջամտություններ չլինեն, որովհետեւ շահագրգռված անձինք կան, արդյունքում պարոն Հովսեփյանի դեպքում, ինչպես Չարչյանի դեպքում, կունենանք միեւնույն եզրակացություն»։

Նշենք՝ ըստ մեղադրանքի՝ Աղվան Հովսեփյանը 2004-2013թթ. զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-2018թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, չնայած օրենքով սահմանված արգելքին, 2007-2015թթ. մասնակցել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա. Ս.-ի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ եւ առավելություններ տրամադրելու եւ այլ ձեւով հովանավորելու հետ: Նշված ապօրինի գործունեության արդյունքում Աղվան Հովսեփյանը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է: 2008թ.-ից Աղվան Հովսեփյանն Ա. Ս.-ի միջոցով նույն կերպ մասնակցել է ավտոմեքենաների անվադողերի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունների կառավարմանը: Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնից բխող կապերն ու ազդեցությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի հիշյալ ընկերության բեռնատար ավտոմեքենաների համար անհրաժեշտ անվադողերը գնվեն իր ներկայացրած անձանցից ու ընկերություններից: Արդյունքում` 2008-2015թթ. ընթացքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը մատակարարվել են ընդհանուր շուրջ 7 մլրդ դրամի անվադողեր:

Նույն ժամանակաշրջանում Աղվան Հովսեփյանը ապօրինի մասնակցել է Ա. Ս.-ի կողմից հիմնադրված եւս երկու ընկերության կառավարմանը, վերահսկել դրանց ֆինանսական գործունեությունը: Մասնավորապես` նշված ընկերություններին պատկանող «Վարդահովիտ» եւ «Վայոց» փոքր հիդրոէլեկտրակայաններին ջրօգտագործման թույլտվություններ անխոչընդոտ տրամադրելու համար Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, դիմել է ոլորտում քաղաքականություն մշակող եւ իրականացնող լիազոր մարմնի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչի արդյունքում հիշյալ ընկերություններին տրամադրվել են փոքր հէկերի կառուցման եւ շահագործման համար ջրօգտագործման թույլտվություններ: