Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին Ազգային ժողովի նիստում հանդես է եկել ամենամյա հաղորդմամբ՝ ներկայացնելով ԱՀ նախագահի 2021 թվականի ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները, ինչպես նաև 2022 թվականի միջոցառումների ծրագիրը:

Երկրի ղեկավարը ամփոփ ներկայացրել է հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքները, նախանշել անվտանգային, արտաքին և ներքին քաղաքական, սոցիալ-տնտեսական առաջնահերթություններն ու անելիքները։

Իր խոսքում ԱՀ նախագահը նշել է, որ 2021 թվականը երկրի համար պատերազմի հետևանքների վերացման և բնականոն կենսագործունեության վերականգնման տարի էր, և Արցախի կառավարությունը շարունակել է իր որդեգրած մարդակենտրոն քաղաքականությունը` ջանքերը գերազանցապես ուղղելով պատերազմական գործողությունների հետևանքների մեղմմանը, բնակչության կենսական առաջնահերթ խնդիրների լուծմանը, սոցիալ-հոգեբանական աջակցության ապահովմանը:

Անդրադառնալով 2022 թվականի անելիքներին՝ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ ԱՀ կառավարությունը հետևողականորեն շարունակում է Արցախի անվտանգությանն ու սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված աշխատանքը՝ այդ ճանապարհին կարևորելով յուրաքանչյուրի ջանքն ու ներուժը՝ Արցախում, մայր Հայաստանում և Սփյուռքում։

«Մեր նպատակը միանշանակ է եւ դիրքորոշումներն անփոփոխ՝ հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչման, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ ու անսահմանափակ իրացման ու ճանաչման միջոցով: Հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, սակայն Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է»,-ասաց նա:

Անդրադառնալով անվտանգության խնդիրներին, Արցախի նախագահը նշեց. «պաշտպանության սեփական համակարգի շարունակական բարելավում, շփման գծի ողջ երկայնքով պաշտպանական  նորամուծությունների ու մեխանիզմների ձեւավորում,  ինստիտուցիոնալ բարեփոխումներ  պաշտպանության ողջ համակարգում, Ռուսաստանի խաղաղապահի զորակազմի մետ պատշաճ  հաղորդակցման ապահովում, եւ որոշակի աշխատանքներ նաեւ քաղաքացիական  պաշտպանության համակարգի բարելավման ուղղությամբ:

Մեծապես կարեւորում ենք Արցախի ժողովրդի անվտանգության  երաշխիքների ապահովման հարցում ռուսական կողմի ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ պայմանների առկայությունը: Ռուսասկան զորակազմի անժամկետ սկզբունքով տեղակայումը մինչեւ  հակամարտության վերջնական ու համապարփակ կարգավորումը, եւ զգալիորեն ավելացնել խաղաղապահի առաքելություն իրականացնող անձնակազմի թվաքանակը, որոնց մասինմ ենք բազմիցս բարձրաձայնել ենք»,-ասաց նա: