Իսպանիան կոչ է անում ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին Մադրիդի գագաթաժողովին դիտարկել դաշինքի ավելի մեծ դերը Հյուսիսային Աֆրիկայում եւ Սահելում, փոխանցում է AP-ն։

Դիվանագետների խոսքով՝ ՆԱՏՕ-ն դրանով քիչ է հետաքրքրված, բայց քանի որ դաշինքը ձեռնարկում է սառը պատերազմից ի վեր իր ամենամեծ կուտակումն արեւելքում, դաշնակիցները, ինչպիսիք են Իսպանիան եւ Իտալիան, մտավախություն ունեն, որ սպառնալիքները հարավային սահմանին կարող են անտեսվել:

ՆԱՏՕ-ի 30 առաջնորդներ հինգշաբթի առավոտյան անցկացրեցին հարավին նվիրված իրենց վերջին գագաթաժողովը՝ մոտ երկու օր տեւած բանակցություններից հետո, որոնց ժամանակ գերակշռում էր ուկրաինական պատերազմի թեման:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ասել է, որ ուշադրության կենտրոնում կլինեն խնդիրների լուծումը, այդ թվում՝ անկայունության պատճառները, եւ ահաբեկչության դեմ պայքարի «ուժեղացումը»:

«Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի եւ Սահարայի շրջանները անվտանգության, ժողովրդագրական, տնտեսական եւ քաղաքական փոխկապակցված խնդիրների են բախվում, որոնք սրվում են կլիմայի փոփոխության եւ Ուկրաինայի պատերազմի հետեւանքով առաջացած պարենային անապահովության պատճառով»,- ասել է նա:

Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել է, որ չի բացառի ՆԱՏՕ-ի միջամտությունը Մալիում, եթե դա անհրաժեշտ լինի, այն բանից հետո, երբ գագաթաժողովի հայտարարության մեջ ահաբեկչությունը որպես «հիբրիդային սպառնալիք» էր որակվել, որը թշնամական ուժերը կարող են օգտագործել՝ դրա կայունության խաթարման նպատակով: