ՆԱՏՕ-ի ռազմական պաշտոնյաները հրաժարվում են այս շաբաթվա սկզբին Գլխավոր քարտուղարի հայտարարությունից այն մասին, որ 300.000 զինծառայողներ բարձր պատրաստության վիճակի կբերվեն դաշինքի ամբողջ տարածքում: Այժմ նրանք հայտարարում են, որ այդ թիվը «հայեցակարգ» է, որը դաշինքը նպատակ ունի իրականացնել մինչեւ 2023-ի կեսերը:

ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Սթոլթենբերգը երկուշաբթի հայտարարել է, որ դաշինքը «կավելացնի իր բարձր պատրաստվածության ուժերը՝ դրանց թիվը հասցնելով ավելի քան 300 հազարի»:

Այս հայտարարությունը յոթ անգամ ավելացում է ենթադրում ՆԱՏՕ-ի 40.000 զինծառայողների համեմատ, որոնք ներկայումս գտնվում են բարձր պատրաստության վիճակում: ՆԱՏՕ-ի երկու պաշտոնյաներ CNN-ին ասել են, որ այդ թիվն անակնկալ էր ՆԱՏՕ-ի շատ երկրների պաշտպանության նախարարների համար:

Օրինակ, նրանց համար պարզ չէր, թե յուրաքանչյուր անդամ պետությունից ինչ զորքեր պետք կգան բարձր պատրաստվածության այս նոր ուժերին: Դա ակնհայտ շփոթության եւ պառակտման պահ էր դաշնակիցների լավ բեմադրված միասնության ցուցադրության մեջ:

ՆԱՏՕ-ի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ ճեպազրույցում լրագրողներին ասել էին, որ բարձր պատրաստվածության նոր մոդելն ի վերջո կփոխարինի ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի մոդելին, սակայն այն «դեռ մշակման փուլում է»:

Պաշտոնյաները նշել են, որ, նոր մոդելի համաձայն, շատ զորքեր կմնան իրենց երկրներում, այլ ոչ թե ՆԱՏՕ-ի դաշնակիցների օպերատիվ հրամանատարության տակ կանցնեն: Բայց դրանք արագ հասանելի կլինեն ՆԱՏՕ-ի համար, եթե անվտանգության ճգնաժամ առաջանա, օրինակ, եթե Ռուսաստանը հարձակվի անդամ երկրի վրա:

Հարցին, թե ինչը խթան կհանդիսանա այդ ուժերը ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքո բարձր պատրաստության վիճակի բերելու համար, պաշտոնյան միայն ասել է, որ այն հնարավոր հարձակման մասին «նշաններ եւ նախազգուշացումներ» կներառի: