Սաուդյան Արաբիայի հանրային ներդրումների հիմնադրամը բանակցություններ է վարում բրիտանական շքեղ ավտոմեքենաներ արտադրող Aston Martin ընկերության հետ՝ բիզնեսում բաժնեմաս գնելու համար, որը կարող է 243.5 մլն դոլար արժենալ, հաղորդում է Financial Times-ը:

Aston Martin-ի բաժնետոմսերը, որոնք հինգշաբթի ընկել են 20 տոկոսով՝ ռեկորդային նվազագույնի հասնելով, կրճատել են կորուստները՝ 9 տոկոսով, երբ ընկերությունը չկարողացավ հաստատել կամ հերքել հաղորդագրությունները ԶԼՄ-ներում: Փոխարենը Aston Martin-ը հայտարարել է, որ պարբերաբար վերանայում է ֆինանսավորման տարբերակները:

Լոնդոնյան ավտոարտադրողի բաժնետոմսերն այս տարի ընկել էին գրեթե 68 տոկոսով: Հունվարին Aston Martin-ը նախազգուշացրել էր սպասվածից ցածր շահույթի մասին՝ սահմանափակ քանակությամբ Valkyrie սպորտային ավտոմեքենայի մատակարարումների հետաձգման հետ կապված:

Ընկերությունը հինգշաբթի հայտարարել էր, որ Valkyrie-ի արտադրությունը շարունակում է թափ հավաքել, մինչդեռ դրա ղեկավար թիմը, որի թվում է նոր ղեկավար Ամեդեո Ֆելիսան, ավելի ու ավելի է կենտրոնացել 2023-ից նոր մոդելների թողարկման վրա:

FT-ն, վկայակոչելով չորս մարդու, հայտնել է, որ Aston Martin-ը ցանկանում է լրացուցիչ ֆինանսավորում հավաքել իր ավտոմեքենաների հաջորդ շարքի համար:

Formula 1-ի թիմը Aston Martin-ը, որի հիմնական բաժնետերը նախագահ Լոուրենս Սթրոլն է, իսկ երկրորդ խոշոր ներդրողը՝ Mercedes Benz Group-ը, գործընկերային հարաբերություններ ունի Saudi Aramco-ի հետ, այդ թվում՝ թիմի հովանավորության իրավունքներ եւ արտոնագրային համաձայնագիր: