Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղերձը փոխանցել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«Ես նախագահ Զելենսկու ուղերձը փոխանցեցի նախագահ Պուտինին եւ պատրաստակամություն հայտնեցի կարգավորել շփումը երկու առաջնորդների միջեւ»,- ասել է Վիդոդոն ռուս-ինդոնեզական բանակցություններից հետո:

Նա նշել է, որ խաղաղության հարցերը միշտ առաջնահերթ են եղել Ինդոնեզիայի արտաքին քաղաքականության համար։

«Այս համատեքստում ես այցելեցի Կիեւ, իսկ այժմ Մոսկվայում եմ»,- ասել է Վիդոդոն։ Նրա խոսքով՝ կարեւոր է նպաստել խաղաղ կարգավորմանը եւ բացել երկխոսությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ։

Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ ուղերձի բովանդակությունից տեղյակ չէ։ «Ես դեռ չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը»,- հայտարարել է Պեսկովը լրագրողներին, ովքեր նրան հարցրել են ուղերձի բովանդակության մասին Վիդոդոյի հայտարարությունից անմիջապես հետո: