Այսօրվա ակցիայի մասով որեւէ մեծ մասշտաբներով մոբիլիզացիայի խնդիր չկար: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, ԱԺ-ի շենքի մոտ «Դիմադրության» շարժման ակցիայի ժամանակ նշեց ՀՀԿ անդամ Հայկ Դերզյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն այս պահին քննարկում է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին եւ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նխագահ Վահե Հակոբյանին իրենց պաշտոններից հեռացնելու հարցը:

«Փաստացի այսօր իշխանությունների կողմից գնում է մի գործընթաց, որը միգուցե իրենց պատկերացումներով ուղղված է անձերին, սակայն գլոբալ առումով այդ ամենն առաջին հերթին ուղղված է այն մարդկանց, որոնք ձայն են տվել ընդդիմությանը, որովհետեւ ոչ թե փորձում են պաշտոններից հեռացնել կամ սահմանափակել ընդդիմության  ներկայացուցիչներին, այլեւ ընդդիմության ձայնը»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու այս ակցիային չեն մասնակցում ընդդիմության պատգամավորները, նաեւ այն շատ սակավամարդ է, Դերզյանը պատասխանեց. «Կոնկրետ այս ակցիան պայմանավորված չէ պատգամավորների լինել-չլինելով: Դա որոշիչ գործոն չէ: Այստեղ են հավաքված մարդիկ, որոնք դեմ են այս իշխանությանը: Այստեղ գլխավոր գործոնը քաղաքացու դժգոհությունն է եւ պետության նկատմամբ առկա մտահոգությունը: Այս երկու ամսում մեր կազմակերպած ակցիաները պետք է իշխանությանը համոզած լիներ, որ երկրում բազմաթիվ մարդիկ դեմ են այս իշխանությանը: Այնպես որ մեկ ակցիանով ես չէի չափի հանրության դժգոհության առկայությունը»: