Ճապոնիայի կառավարությունը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ էլեկտրաէներգիայի խնայողության ռեժիմ է ներդրել՝ կոչ անելով բնակչությանը եւ ձեռնարկություններին խելամտորեն կրճատել սպառումն ամառվա համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Դա պայմանավորված է այն հաշվարկներով, որ ուժեղ ջերմային ալիքի դեպքում երկրի գրեթե բոլոր հատվածներում, բացառությամբ հարավային Օկինավայի եւ հյուսիսում գտնվող Հոկայդո կղզու, էներգիայի պահուստի գործակիցը կարող է ընդամենը 3.7 տոկոս լինել, մինչդեռ կրիտիկական մակարդակը 3 տոկոսն է:

Խնայողության պահանջն օդորակիչների եւ այլ էլեկտրական սարքերի օգտագործում է ենթադրում՝ ջերմային հարվածից խուսափելու համար, սակայն երկրորդական նպատակներով էլեկտրաէներգիայի սպառման կրճատում է նշանակում՝ գովազդային ցուցանակներ, խանութներում եւ ցուցափեղկերում լուսավորող սարքեր եւ հեռուստացույցներ եւ այլն։

Տոկիոն եւ եւս ութ պրեֆեկտուրաներ չորս օր է՝ զգուշացնում են հունիսի անոմալ շոգի պատճառով էլեկտրացանցերի ծանրաբեռնվածության մասին: Այս օրերին մի շարք հատվածներում մինչեւ 40 աստիճան տաքություն է գրանցվել։ Հինգշաբթի Տոկիոյում հունիսի համար ռեկորդային ջերմաստիճան էր գրանցվել՝ 36 աստիճանից բարձր։

Ճապոնիայում ամառը, շոգ կլիմայի պատճառով, ավանդաբար էլեկտրաէներգիայի ակտիվ սպառման սեզոն է, որն անհրաժեշտ է աշխատավայրերում, տանը, տրանսպորտում եւ խանութներում օդորակիչների աշխատանքի համար: Կառավարության գնահատականների համաձայն՝ եթե առաջիկա ամառը շոգ լինի, Տոկիոյում էլեկտրաէներգիայի մատակարարումը՝ Հոնսյու կղզու հյուսիսում եւ այլ շրջաններում, մեծ դժվարությունների կբախվի։