Թեեւ ԱԺ փոխխոսնակներից մեկի պաշտոնը վերապահված է ընդդիմությանը, այս պաշտոնից հետկանչ նախաձեռնելու իրավունք ունեն բոլոր խորհրդարանական խմբակցությունները։ Այս մասին հուլիսի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստին Իշխան Սաղաթելյանին փոխխոսնակի պաշտոնից զրկելու մասին որոշման նախագծի քննարկմանը, անդրադառնալով Սահմանադրական դատարանի 2021 թ. ապրիլի 13-ի որոշմանը, հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

Սահմանադրական դատարանի հենց այս որոշման հիման վրա է «Քաղաքացիական պայմանագիրը» որոշել Իշխան Սաղաթելյանին փոխխոսնակի պաշտոնից հետ կանչելու ընթացակարգ սկսել։ Հիմնավորման մեջ նաեւ նշվում է, որ խոսնակի եւ փոխխոսնակների ընտրության եւ հետ կանչման հարցը, իշխող կուսակցության կողմից գործող օրենսդրության մեկնաբանությամբ, խորհրդարանական խմբակցության քաղաքական դիրքորոշման արդյունք է։ Հենց այդ պատճառով էլ, ըստ իշխող ուժի, օրենքում հստակ հիմքեր չկան ԱԺ խոսնակին և փոխխոսնակին հետ կանչելու համար։

Հիմնավորելով իր դիրքորոշումը՝ Ջուլհակյանը մատնանշեց թե՛ մեծ թվով բացակայությունները, թե՛ ընդդիմադիր փոխխոսնակի անընդունելի հայտարարությունները։ «Այդպես, այս տարվա առաջին կիսամյակում 342 քվեարկություններից Սաղաթելյանը բացակայել է 198-ին: Նա հրավիրված 25-ից մասնակցել է ԱԺ խորհրդի միայն 7 նիստին: Այդ բոլոր բացակայությունների պատճառով նա, ըստ էության, չի կատարել իր պաշտոնական լիազորությունները»,- ասաց պատգամավորը։

Բացի այդ, նրա խոսքով, որոշման նախագիծը ներկայացնելիս Իշխան Սաղաթելյանը ոչ միայն չի կատարել հասարակական համերաշխության ապահովման իր առաքելությունը, այլեւ բախումներ է հրահրել, ատելության խոսք է օգտագործել, վիրավորել է բնակչության տարբեր շերտերի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ պատգամավորներին։ Պատգամավորն իր հիմնավորման մեջ կոնկրետ օրինակներ բերեց, երբ, իր գնահատմամբ, ԱԺ փոխխոսնակը բողոքի ակցիաների ժամանակ բախումներ էր հրահրել։ Նա նաեւ մեղադրեց Սաղաթելյանին «հունիսի 3-ին սադրանքի համար, որի արդյունքում ոստիկանությունը ստիպված էր հատուկ միջոցներ օգտագործել»։

Արուսյակ Ջուլհակյանը նշեց, որ, հետ կանչելով Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից, իշխող ուժը հույս ունի նրա փոխարեն այնպիսի ընդդիմադիր պատգամավորի ընտրել, ով կկատարի իր պաշտոնական լիազորություններն ու պարտավորությունները՝ դրանով իսկ ապահովելով ԱԺ բնականոն աշխատանքը։

«Իշխան Սաղաթելյանը ձախողեց այս առաքելությունը»,- շեշտեց իշխող կուսակցության պատգամավորը։

Հիշեցնենք, որ այս հարցով փակ գաղտնի քվեարկությունն ավարտվել է12:15-ին։