Վրաստանի էներգիայի եւ ջրամատակարարումը կարգավորող ազգային հանձնաժողովի (GNERC) նախագահ Դավիթ Նարմանիան Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ պատժամիջոցների կիրառումն անթույլատրելի շքեղություն է համարել երկրի համար:

«Մի քանի ամիս է, ինչ մենք Ռուսաստանից ենք էլեկտրաէներգիա ստանում, քանի որ այն ավելի էժան է, քան Թուրքիայից եւ Ադրբեջանից ստացվողը։ Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով սակագների զգայունությունը, մենք այդպիսի շքեղություն չունենք՝ քաղաքական դրդապատճառներով ռուսական էժան էներգիայից հրաժարվելու համար»,- ասել է Նարմանիան, փոխանցում է Jnews.ge-ն։

Այնուամենայնիվ, GNERC-ի ղեկավարը վստահեցնում է, որ «ինչ-ինչ պատճառներով» Ռուսաստանից էմբարգոյի կամ մատակարարումների սահմանափակման դեպքում երկրում էներգետիկ ճգնաժամ չի լինի: «Էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրներ գոյություն ունեն»,- հավելել է Նարմանիան:

2021-ին Ռուսաստանը դարձել է Վրաստան էլեկտրաէներգիայի խոշորագույն արտահանողը, որին բաժին է ընկնում երկիր մատակարարումների կեսից ավելին։

Վրաստանի էլեկտրաէներգիայի շուկայի օպերատորի (ESCO) վիճակագրության համաձայն՝ 2021-ին Վրաստանում էլեկտրաէներգիայի սպառումը 15.3 միլիարդ կվտ/ժամ է կազմել (2020-ի համեմատ աճել է 23.5 տոկոսով), իսկ արտադրվել է 12.6 միլիարդ կվտ/ժամ:

Դեֆիցիտը լրացնելու համար Վրաստանն ավելի քան 2 միլիարդ կվտ/ժամ ներմուծել է: Դրանցից 1.2 միլիարդ կվտ/ժամը՝ Ռուսաստանից, 161.2 միլիոն կվտ/ժամը՝ Թուրքիայից, 600.1 միլիոնը՝ Ադրբեջանից: