2015-ի Իրանի միջուկային համաձայնագրի վերածննդի շանսերը վատթարացան Դոհայում ամերիկա-իրանական անուղղակի բանակցություններից հետո, որոնք անարդյունք ավարտվեցին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային: «Դոհայից հետո գործարքի հեռանկարներն ավելի վատն են, քան Դոհայից առաջ, եւ ամեն օր էլ ավելի կվատթարանան»,- նշել է անանուն պաշտոնյան:

Պաշտոնյան չի հայտնել Դոհայի բանակցությունները, որոնց ընթացքում Եվրամիության ներկայացուցիչները շփվել են երկու կողմերի միջեւ՝ փորձելով վերակենդանացնել 2015 թ. Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) համաձայնագիրը:

«Այս պահին մենք վստահ չենք՝ արդյո՞ք նրանք (իրանցիները) գիտեն, թե էլ ինչ են ուզում։ Նրանք Դոհա շատ մանրամասներով չէին եկել,- հավելել է նա:- Նրանց բարձրացրած հարցերի մեծ մասը դուրս է ԳՀՀԾ-ի շրջանակներիցկամ դրանք հարցեր էին, որոնք արդեն մանրամասն քննարկվել են Վիեննայում»:

Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում` ամերիկացի, բրիտանացի եւ ֆրանսիացի դիվանագետները մեղադրել են Իրանին ավելի քան մեկ տարվա բանակցություններից հետո համաձայնագրի չվերականգնման համար:

Իրանը, սակայն, Դոհայի բանակցությունները որպես դրական է բնութագրել եւ մեղադրել է ԱՄՆ-ին երաշխիքներ չտրամադրելու մեջ, որ ԱՄՆ նոր վարչակազմը կրկին չի հրաժարվի գործարքից, ինչպես դա արեց Թրամփը:

Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Վաշինգտոնը 2021 թ. ապրիլին բանակցությունների մեկնարկից պահից հստակ հասկացրել է, որ չի կարող իրավական երաշխիքներ տալ Իրանին, որ ԱՄՆ ապագա վարչակազմը հավատարիմ կմնա համաձայնագրին: