Հունիսի վերջին Մադրիդում կայացած գագաթաժողովի ժամանակ ՆԱՏՕ-ն վերադարձավ Սառը պատերազմի ժամանակաշրջանի ռազմական անվտանգության սխեմաներին, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հիմնական եզրակացությունը, որը մենք կարող ենք անել, այն է, որ ՆԱՏՕ-ն Մադրիդում ավարտել է էվոլյուցիոն կուլբիտն իր զարգացման մեջ 1949-ին հիմնադրվելուց հետո եւ վերադարձել է Սառը պատերազմի ակունքներին, անվտանգության սխեմաներին, ռազմական անվտանգությանը»,- ասել է Գրուշկոն «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբում իր ելույթի ժամանակ:

Նրա խոսքով՝ Մոսկվան ՆԱՏՕ-ի գագաթաժողովի որոշումները կվերլուծի ռազմական տեսանկյունից՝ իր անվտանգության ապահովման համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար։ «Գագաթաժողովի արդյունքները շատ մանրակրկիտ վերլուծության կենթարկվեն ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական տեսանկյունից, այդ թվում՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու տեսանկյունից, որոնք 100 տոկոսով պետք է ապահովեն ՌԴ-ի անվտանգության եւ պաշտպանունակության օրինական շահերը»։

«ՆԱՏՕ-ի ընդլայնումը, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի մուտքն այնտեղ, իմ կարծիքով, եվրոպական անվտանգության էվոլյուցիայի ամենատխուր դրվագներից մեկն է»,- ասել է նա։