ArCa համակարգի հետ կապված այսօր որոշակի խնդիրներ են եղել, ինչի հետեւանքով շատերը հայտնում են` իրենց փոխանցած գումարները դեռ տեղ չեն հասել։

Теlcell-ը, որոշ բանկեր նույնպես ֆեյսբուքյան իրենց էջերում գրել են, որ ArCa համակարգի հետ կապված առկա է խնդիր, ինչի հետեւանքով գործարքներն ուշացումով են կատարվում։

ArCa համակարգից Sputnik Արմենիային հայտնեցին` խնդիրն արդեն լուծվել է։

«Քանի որ ամսվա սկիզբ է, ծանրաբեռնված է համակարգը, նաեւ դրանից է խնդիրը։ Չնայած խնդիրը լուծվել է, բայց մարդկանց գումարները դեռ չեն նստում, ինչի հետ կապված անընդհատ զանգում են մեզ։ Այսօրվա մեջ կնստեն գումարները»,- ասացին ArCa համակարգից։

Նշենք, որ այսօրվանից Հայաստանում 300 հազար դրամը գերազանցող գործարքներն անկանխիկ պետք է իրականացվեն։ ArCa-ից հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ սա կապ ունի համակարգում առաջացած խնդիրների հետ։ Մեզ վստահեցրին, որ այստեղ որեւէ կապ չկա` ներքին խնդիրներ են, որոնք նախկինում էլ են եղել։