Ուրբաթ Նյու Յորք նահանգն օրենք է ընդունել, որն արգելում է զենք կրելը բազմաթիվ հասարակական վայրերում, այդ թվում՝ Թայմս Սքվերում, եւ զենքի լիցենզիա ստանալու համար դիմողներից պահանջվում է ապացուցել կրակելու իրենց կարողությունը եւ ստուգման համար ներկայացնել իրենց սոցցանցերի էջերը, հայտնում է Reuters-ը։

Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոչուլը, ով կարգադրել էր օրենսդիր մարմնի արտահերթ նիստ անցկացնել, ասել է, որ նահանգում զենքի լիցենզիաների տրամադրամն կանոնակարգերի պատճառով Նյու Յորքը հինգերորդն է ԱՄՆ 50 նահանգների շարքում հրազենից մահացության ցուցանիշով։
Դատարանի որոշումը թույլ է տալիս մարդկանց արգելել զենք կրել որոշակի «զգայուն տարածքներում», սակայն օրենսդիրներին զգուշացնում է այդ պիտակը շատ լայնորեն կիրառելուց:

Ուրբաթ ընդունված օրենքը քրեականացնում է զենք կրելը «խիստ վտանգավոր վայրերի» նոր ցանկում, այդ թվում՝ կառավարական շենքերում, բժշկական հաստատություններում, պաշտամունքային վայրերում, գրադարաններում, խաղահրապարակներում, այգիներում, կենդանաբանական այգիներում, դպրոցներում, քոլեջներում, ամառային ճամբարներում, թմրամոլների աջակցության կենտրոններում, անօթեւանների ապաստարաններում, ծերանոցներում, հասարակական տրանսպորտում, այդ թվում՝ Նյու Յորքի մետրոյում, վայրերում, որտեղ ալկոհոլ կամ մարիխուանա են օգտագործում, թանգարաններում, թատրոններում, մարզադաշտերում եւ այլ վայրերում, ընտրատեղամասերում եւ Թայմս Սքվերում:

Օրենքն ընդունվել է Գերագույն դատարանի վճռորոշ որոշումից հետո, երբ դատարանի պահպանողական մեծամասնությունն առաջին անգամ որոշեց, որ ԱՄՆ Սահմանադրությունը մարդուն իրավունք է տալիս ինքնապաշտպանության նպատակով զենք կրել հանրային վայրերում: