ԱՄՆ պաշտպանության նախարարության արբանյակները տեղափոխող Virgin Orbit հրթիռը, որն արձակվել է Հարավային Կալիֆորնիայի ափերի վրայով թռնող հատուկ Boeing 747 ինքնաթիռից, ուղեծիր է արձակվել տեղական ժամանակով ուրբաթ երեկոյան, հաղորդում է AP-ն:

Մոդիֆիկացված ինքնաթիռն օդ է բարձրացել Մոխավե անապատի կայանից եւ արձակել է հրթիռը Խաղաղ օվկիանոսի վրայով՝ Լոս Անջելեսից հյուսիս-արեւմուտք:

Արձակումն իրականացվել է ԱՄՆ տիեզերական ուժերի կողմից՝ պաշտպանության նախարարության փորձարկումների ծրագրի շրջանակներում:

Սա Virgin Orbit-ի չորրորդ կոմերցիոն արձակումն էր եւ առաջին գիշերային արձակումը: Ի սկզբանե արձակումը նախատեսված էր չորեքշաբթի երեկոյան, սակայն փորձարկումը չեղարկվեց վառելիքի ջերմաստիճանի հետ կապված խնդիրների պատճառով:

Virgin Orbit ընկերությունն առաքելությունը Straight Up է անվանել՝ ի պատիվ Պաուլա Աբդուլի դեբյուտային Forever Your Girl ստուդիական ալբոմի հիթի, որը թողարկվել էր 1988-ին:

Virgin Orbit-ը հիմնադրվել է 2017 թվականին բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի կողմից։ Այն գտնվում է Լոնգ Բիչում՝ Կալիֆորնիա, եւ ներկայումս այն արձակումներ է իրականացնում Մոխավեի օդանավակայանից, բայց նաեւ միջազգային առաքելություններ է ծրագրում: