Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալությունը վախենում է Ռուսաստանից գազի մատակարարման ամբողջական դադարեցումից եւ երկրի բնակիչներին կոչ է անում խնայել էներգիան։ Այսպիսի հայտարարություն է արել BNetzA-ի ղեկավար Կլաուս Մյուլլերը Funke Mediengruppe-ին տված հարցազրույցում, որից հատվածներ հրապարակվել են շաբաթ օրը՝ հուլիսի 2-ին։

Հուլիսի 11-ից հուլիսի 21-ը Nord Stream AG-ն ժամանակավորապես կփակի Nord Stream գազատարի երկու թելերը՝ «պլանային կանխարգելիչ աշխատանքների» համար։

Հարցն այն է՝ արդյո՞ք այդ տեխնիկական աշխատանքները «քաղաքական նկատառումներով անդադար տեխսպասարկման չեն վերածվի», ընդգծել է Մյուլլերը։

Եթե ​​Ռուսաստանից գազի մատակարարումներն «ավելի երկար ժամանակով կրճատվեն, մենք պետք է ավելի լուրջ խոսենք խնայելու մասին»,- ասել է դաշնային գործակալության ղեկավարը։ Նրա խոսքով՝ ջեռուցման սեզոնի մեկնարկից առաջ 12 շաբաթը պետք է օգտագործել դրան նախապատրաստվելու համար:

Կլաուս Մյուլլերը Գերմանիայի բնակիչներին կոչ է արել օպերատիվ կերպով ստուգել գազով աշխատող կաթսաների եւ ռադիատորների աշխատանքը, գրում է Deutsche Welle-ն։

«Տեխնիկական սպասարկումը կարող է նվազեցնել գազի սպառումը 10-15 տոկոսով»,- ասել է նա։

«Ավելի լավ է աշխատանքները հիմա անցկացնել, այլ ոչ թե աշնանը»,- խորհուրդ է տվել BNetzA-ի ղեկավարը: Փականագործները պետք է կենտրոնանան ջեռուցման եւ տաք ջրամատակարարման վրա, հավելել է Մյուլլերը:

Բացի այդ, նրա խոսքով, ընտանիքներն արդեն հիմա պետք է քննարկեն՝ «պետք է արդյո՞ք ձմռանը պահպանել սովորական ջերմաստիճանը տան յուրաքանչյուր սենյակում, թե՞ դրանցից մի քանիսում կարող է մի փոքր ավելի ցուրտ լինել»: