Թուրքական արտադրության Bayraktar AKINCI հարվածային ԱԹՍ-ն ASELSAN ընկերության մշակած LGK-82 լազերային ղեկավարմամբ հրթիռ է արձակել: Այս մասին ասվում է Baykar-ի հաղորդագրության մեջ, փոխանցում է Anadolu-ն։

Ըստ հաղորդագրության՝ հարվածային ԱԹՍ-ն հուլիսի 1-ին օդ էր բարձրացվել Թուրքիայի հյուսիսարեւմտյան Թեքիրդաղ գավառի Չորլու ավիաբազայից եւ 30000 ֆուտ բարձրության վրա արձակել էր լազերային ղեկավարմամբ թեւավոր հրթիռը՝ ճշգրիտ խոցելով պայմանական թշնամու թիրախը։

Այս տեսակի զինամթերքը, որը նախկինում օգտագործվել էր կառավարվող ինքնաթիռների կողմից, առաջին անգամ է փորձարկվել անօդաչու թռչող սարքի վրա:

Որպես ուղորդման համակարգ օգտագործվել է թուրքական մեկ այլ մշակում՝ TÜBİTAK SAGE մասնագետների GÖZDE համակարգը:

«Ընկերությունում ընդգծել են, որ հարվածային ԱԹՍ-ներում ներքին զինամթերքի ինտեգրման գործընթացը կշարունակվի Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի հետ համատեղ»,- ասվում է հայտարարության մեջ: