Մենք պատրաստ չենք երկրի ներսում ասել, որ մեր նախորդ գիծը սխալ էր։ Եւ այս ուկրաինական ճգնաժամի ֆոնին մենք գտնվում ենք մեր հայացքների ամբողջ համակարգի շատ խորը վերանայման վիճակում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, Երեւանում «Ռուսաստանի եւ Արեւմուտքի հակամարտությունն Ուկրաինայում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՄՀՄՊԻ-ի Եվրասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն եւ առաջատար գիտաշխատող Իվան Սաֆրանչուկը։

«Մենք գալիս ենք նրան, որ մեր նախորդ կանգառները սխալ չէին: Դրանք, ի վերջո, պատրանքների եւ Արեւմուտքի ավելի մեծ խելամտության հույսերի արդյունք էին»,- նշեց փորձագետը։

Սաֆրանչուկի խոսքով՝ դրսից նայողներին թվում է, թե իրավիճակը բարդացել է, բայց Ռուսաստանի աչքերում, հակառակը, ամեն ինչ ավելի պարզ է դարձել, եւ պարզվել է, որ ամեն ինչ բավականին պարզունակ ու պարզ է, եւ այն ամբողջ շղարշը, որը կախված էր Ռուսաստանի եւ Արեւմուտքի ու ամերիկյան սատելիտների հետ հարաբերությունների համակարգի վրա, կորավ եւ մնաց մի շատ պարզ պատկեր։

«Մենք երկար ժամանակ հույս ունեինք, որ այդ պատկերն այնքան էլ պարզ չէ, իսկ իրականում կան որոշ դժվարություններ, որոնք շատ բացեր են ստեղծում, եւ այդ բարդ պատկերում կարելի է խաղալ: Բայց պարզավեց, որ ամեն ինչ բավական պարզունակ ու պարզ է, որ մենք նրանց համար նույնիսկ պարզապես թշնամիներ չենք։ Թշնամին եւս կարող է ինչ-որ չափով հավասար լինել, այսինքն՝ դուք կարող եք արմատապես չհամաձայնել նրա հետ, եւ այդ պատճառով էլ դուք, փաստորեն, պատերազմում եք նրա հետ, բայց ընդունում եք թշնամու շահերը, նրա պատիվը, նրա բարոյական արժեքները: Իսկ մենք գալիս ենք այն եզրակացության, որ մեր դեպքում չեն ընդունում որեւէ բան նրանից, ինչ մենք ինքներս գնահատում ենք»,- ասաց նա:

Ռուս քաղաքագետի խոսքով՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակը զարգանում է 1990-ականների վերջից, եւ Արեւմուտքը մրցակցության խաղի որոշ կանոններ է ստեղծել ընդհանրապես հետխորհրդային տարածքի եւ մասնավորապես Ուկրաինայի համար։

«Եւ մենք, ըստ նրանց ստեղծած ցանկացած կանոնների, շահում էինք Ուկրաինան»,- նշեց նա:

Այս կապակցությամբ Սաֆրանչուկը մի քանի օրինակ բերեց: Նա, մասնավորապես, հիշեցրել է 2000-ականների սկզբին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ուկրաինայի մասնակցությամբ միասնական տնտեսական տարածք ստեղծելու փորձը։

Որպես մեկ այլ օրինակ՝ քաղաքագետը նշեց Մինսկի պայմանավորվածությունների շուրջ ստեղծված իրավիճակը: «Կարելի է ասել, որ հաղթեցինք մինսկյան պայմանավորվածությունների շուրջ քողարկված խաղում։ Մենք Ուկրաինան այնպիսի վիճակում դրեցինք, որ այն չի կարող կատարել մինսկյան պայմանավորվածությունները  ներքին պատճառներով։ Եւ օբյեկտիվորեն, եթե այս խաղը շարունակվի, Արեւմուտքը պետք է ճնշում գործադրեր Ուկրաինայի վրա, որպեսզի այն կատարեր Մինսկի պայմանավորվածությունները»,- նշեց փորձագետը՝ ընդգծելով, որ Արեւմուտքը կրկին «շրջել է տախտակը»՝ հայտարարելով, որ ճնշում չի գործադրի Ուկրաինայի վրա։

Փորձագետը նշեց, որ այս տարվա գարնանն Արեւմուտքը կրկին պատրաստվում էր «շրջել տախտակը» եւ պատրաստվում էր ռազմական օպերացիային Դոնբասում։