Ամերիկացի գեներալ Մարկ Միլլին BBC լրատվականին տված իր հարցազրույցի ընթացքում ասել է, որ մոտ ժամանակներս Չինաստանը Թայվանի վրա չի հարձակվի, սակայն Միացյալ Նահանգները ուշադիր հետեւում է իրավիճակին:

«Ակնհայտ է, որ Չինաստանն ինչ-որ պահի հարձակվելու կարողություն է զարգացնում, սակայն դա անել-չանելու որոշումը քաղաքական ընտրություն կլինի»,- ասել է Միլին:

Վերջերս Թայվանի ամենահզոր դաշնակից ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ էսկալացիա է նկատվում: Չինաստանը տասնյակ ռազմական ինքնաթիռներ է ուղարկում Թայվանի հակաօդային պաշտպանության գոտի, իսկ Միացյալ Նահանգները ռազմանավեր՝ Թայվանի ջրային տարածք։

Մայիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Թայվանի մոտակայքում ինքնաթիռներ թռցնելով Չինաստանը սիրախաղ է անում վտանգի հետ: Ինչին ի պատասխան Պեկինն ԱՄՆ-ին մեղադրել էր Չինաստանի գործերին միջամտելու համար եւ շեշտել, որ չեն վարանի Թայվանի անկախության հռչակումը կանխելու համար պայքարում: