Նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերն ասել է, որ մայիսին Դավոսում, Համաշխարհային տնտեսական համաժողովում ունեցած իր ելույթում նա կոչ չի արել, որ Ուկրաինան պարտադիր հօգուտ Ռուսաստանի հրաժարվի մի շարք տարածքներից՝ հանուն հակամարտության կարգավորման։ Այս մասին նա ասել է Time-ի  հարցազրույցում։

Քիսինջերը մտավախություն ունի, որ հակամարտությունն Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ «կարող է վերածվել մի ինչ-որ անկառավարելի բանի»։

«Ես չեմ ասել, թե տարածք պետք է տալ։ Ես պարզապես նկատի ունեի, որ այն պետք է քննարկել ցանկացած բանակցությունում։ Ես անկեղծորեն հանդես եմ գալիս Ուկրաինայի ազատության եւ Եվրոպայում նրա զգալի դերի օգտին»,- ասել է նախկին պետքարտուղարը։

Քիսինջերի կարծիքով՝  հրադադարի ռեժիմի հաստատման համար Ռուսաստանը պետք է Ուկրաինային վերադարձնի նրա հողերը։

«Փորձագետի գնահատմամբ՝ ՌԴ-ի վերահսկողության տակ է գտնվում «Ուկրաինայի մինչպատերազմյան տարածքի 15 տոկոսը... Վիճելի տարածքը Դոնբասի ոչ մեծ հատվածն է՝ [տարածքի] մոտ 4,5 տոկոսը եւ Ղրիմը։ Ղրիմը, մասնավորապես, Ռուսաստանի համար ներկայիս ճգնաժամի շրջանից դուրս եկող նշանակություն ունի»,- ասել է Քիսինջերը։

Նա ավելացրել է, որ հակամարտությունը չպետք է վերաճի «Ուկրաինայի ազատության համար մղվող պատերազմից պատերազմի Ռուսաստանի ապագայի համար»։