Բրիտանիայում տղամարդը նստել է բեռնատարի ղեկին ու մխրճվել նախկին ընկերուհու տան մեջ, գրում է LADBible-ը։ Այսպիսով, նա ցանկացել է վրեժխնդիր լինել աղջկանից այն բանի համար, որ վերջինս դադարեցրել է շփումը։

Վթարից մեկ ամիս առաջ Դերեկ Վելինգթոնը ծեծի է ենթարկել իր ընկերուհի Սառա Քեսիդիին։ Ծեծի պատճառով կինը ստիպված է եղել հիվանդանոց գնալ, իսկ բրիտանացին պայմանական ժամկետի ու նախկին զուգընկերոջը մոտենալու արգելքի դատավճիռ է ստացել։ Չնայած դրան՝ տղամարդն ամեն օր զանգել է սիրելիին՝ առաջարկելով հանդիպել, սակայն մերժվել է։

Հասկանալով, որ Սառան չի պատրաստվում հանդիպել իր հետ, Դերեկը սկսել է սպառնալ նրան հեռախոսով։

«Ես պատրաստվում եմ բեռնատարը կայանել քո հյուրասենյակում»,- ասել է Վելինգթոնը՝ հետագայում իրականացնելով իր ծրագիրը։

Միջադեպի հետեւանքով վնասվել է ոչ միայն Սառայի, այլեւ նրա հարեւանուհու տունը։ Բարեբախտաբար, բոլորը ողջ են մնացել, սակայն շենքերը ստիպված են եղել քանդել։ Վնասի ընդհանուր գումարը կազմել է 569 000 դոլար։Դերեկը ձերբակալվել է մի քանի ժամ անց, նա ընդունել է իր մեղքը։

Այս պահին Վելինգթոնը գտնվում է կալանքի տակ եւ սպասում է դատավճռին։