Հունիսի 22-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ահազանգ ստացվեց գողության վերաբերյալ: Մալիշկա գյուղի բնակչուհին հայտնեց, որ երեկոյան ժամը 5-ից հինգն անց կես, երբ ինքը բացակայել է իր խանութից, անհայտ անձը դրամարկղից գողացել է 80 հազար դրամ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Պարզվեց, որ խանութպան կինը ոչ միայն կես ժամ տեղում չի եղել, այլև պարզապես բաց է թողել խանութի դուռը: Չնայած գողությանը նպաստող բոլոր հանգամանքներին` Եղեգնաձորի քրեական հետախույզներին ոչինչ չխանգարեց արագ բացահայտելու հանցագործությունը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեց, որ հափշտակությունը կարող է կատարած լինել Արարատի մարզի Վեդի համայնքի բնակիչ, 53-ամյա մի տղամարդ: Բացահայտումը տրամաբանական ավարտին հասավ համագործակցության շնորհիվ: Արտաշատի քրեական հետախույզների և ճանապարհային ոստիկանության ծառայողների օգնությամբ ահազանգից մոտ ժամուկես անց տղամարդը հայտնաբերվեց Արտաշատում ու բերման ենթարկվեց:

Հարուցված քրեական գործի շրջանակում տղամարդը հարցաքննվել է ու տվել խոստովանական ցուցմունք: Գողոնի մի մասը հայտնաբերվել է։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: