Պատերազմն Ուկրաինայում արագացնում է ավելի վտանգավոր միաբեւեռ աշխարհի հաստատումը, որը կգործի ուժային քաղաքականության ավանդական կանոններով։ Մեծ տերությունների միջեւ բացահայտ մրցակցությունը զգալիորեն բացակայում էր սառը պատերազմից հետո, երբ Ամերիկայի անվիճելի գերազանցությունը զսպում էր աշխարհաքաղաքական մրցակցությունը։ Միաբեւեռ միջազգային համակարգը իշխանության ավելի լայն բաշխում ուներ, բայց այդ փոփոխությունը տեղի էր ունենում աստիճանաբար, Չինաստանի եւ Արեւելքի հզորացմամբ, գրել է National Interest-ը։

«Պատերազմն Ուկրաինայում երաշխավորում է, որ այդ էլ ավելի անկառավարելի աշխարհը կհաստատվի նախատեսված ժամկետից շուտ։ Ներխուժումը վերածնել է Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ ռազմականացված մրցակցությունը։ Մոսկվայի եւ Պեկինի ռազմավարական գործընկերությունը նշանակում է, որ Երկրորդ սառը պատերազմը կարող է հակադրել Արեւմուտքը եւ չինա-ռուսական դաշինքը, որը ձգվում է Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասից մինչեւ Արեւելյան Եվրոպա։

Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները պետք է համապատասխան կերպով թարմացնեն իրենց մեծ ռազմավարությունը։ Սառը պատերազմի ավարտից հետո նրանք կենտրոնացել են լիբերալ կարգի իդեալիստական նկրտումների իրականացման եւ գլոբալացման վրա։ Այդ օրերը պետք է ավարտվեն։ Այժմ Արեւմուտքը պետք է զսպի իր իդեալիստական հավակնությունները, հասկանա, որ ապրում է, ավելի շուտ, հոբսյան աշխարհում եւ վերադառնա մեծ ռազմավարությանը՝ հիմնված իրական քաղաքականության վրա։

Ինչպես եւ առաջին սառը պատերազմի ժամանակ, համբերատար զսպման ռազմավարությունը պետք է ուղղվի աշխարհաքաղաքական կայունության պահպանմանը եւ պաշտպանությանը, այլ ոչ թե լիբերալ միջազգային կարգի ընդլայնմանը։ Միացյալ Նահանգները պետք է ուժեղացնի իր ներկայությունն ինչպես եվրոպական, այնպես էլ Ասիա-Խաղաղօվկիանոսյան ռազմական գործողություններում, ինչը կպահանջի ոչ միայն ավելացնել պաշտպանական ծախսերը, այլեւ այնպես անել, որպեսզի թույլ չտրվեն թանկարժեք պատերազմներ Մերձավոր Արեւելքում կամ ծայրամասային այլ շրջաններում ընտրովի կամ արկածախնդրորեն պետականաշինություն կատարելու ուղղությամբ։

Ելնելով այն բանից, թե որքանով է խորանում մրցակցությունը լիբերալ-դեմոկրատական բլոկի (որը հենվում է ԱՄՆ-ի գլխավորած դաշինքների համակարգի վրա) եւ ավտոկրատական կապիտալիստական բլոկի միջեւ (որը հենվում է Ռուսաստանի եւ Չինաստանի վրա), շատ երկրներ ձեռնպահ կմնան որեւէ մեկի կողմն անցնելուց։ Միայն մոտ քառասուն երկիր է որոշել հետեւել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ինչը վկայում է այն մասին, որ շատ երկրներ, հատկապես Գլոբալ Հարավում, մի կողմ քաշված են մնալու եւ չեն աջակցելու բլոկներից որեւէ մեկին։ Քանի որ աշխարհի երկրների մոտ երկու երրորդը առեւտուր է անում ավելի շատ Չինաստանի, քան թե Միացյալ Նահանգների հետ, արդյունավետ չմիանալը կարող է լինել ընտրության քաղաքականություն երկրների մեծ մասի համար, ինչը զարգացող աշխարհն ավելի միաբեւեռ է դարձնում, քան բազմաբեւեռ։

Քանի որ Վաշինգտոնը   թուլացնում է դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների առաջխաղացումն արտասահմանում, Բայդենի վարչակազմը պետք է ձեռնպահ մնա աշխարհաքաղաքական տեսլական ձեւավորելու իր միտումից, որը խիստ հստակ է աշխարհը բաժանում դեմոկրատիայի եւ ավտոկրատիայի։ Ռազմավարական եւ տնտեսական նպատակահարմարությունը երբեմն Արեւմուտքին կմղի գործընկերություն անել ռեպրեսիվ ռեժիմների հետ, օրինակ՝ էներգակիրների գների իջեցումը կարող է կայուն գործընկերություն պահանջել Իրանի, Սաուդյան Արաբիայի, Կատարի եւ Վենեսուելայի հետ։ Մինչդեռ աշխարհի շատ դեմոկրատական երկրներ կարող են հեռու մնալ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ մրցակցության նոր դարաշրջանից, ինչի մասին վկայում է Բրազիլիայի, Հնդկաստանի, Իսրայելի, Հարավային Աֆրիկայի եւ մյուս դեմոկրատիաների զուսպ արձագանքը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը։

Անշուշտ, Միացյալ Նահանգները եւ նրա դեմոկրատական գործընկերները պետք է նախկինի պես պաշտպանեն լիբերալ արժեքները երկրի ներսում եւ արտասահմանում՝ ջանալով այսուհետ եւս պատմության աղեղը թեքել մեծ ազատության եւ արդարության կողմը։ Բայց նա պետք է այդ խնդրին մոտենա պրագմատիկ սթափությամբ՝ հիշելով աշխարհաքաղաքական սահմանափակումների նոր հավաքածուի մասին։ Մասնավորապես, Արեւմուտքը պետք է ընդունի, որ իր գլխավոր հակառակորդը՝ Չինաստանի եւ Ռուսաստանի վրա հենվող հակալիբերալ բլոկը, շատ ավելի ահեղ մրցակից է, քան նրա խորհրդային նախորդը։

Այս իրողությանը դիմակայելու համար Արեւմուտքը պետք է համոզվի, որ ինքը գերազանցում է՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով, ոչ լիբերալ այլընտրանքներին։ Արեւմուտքը պետք է ոչ միայն անհրաժեշտ նյութ կուտակի հաղթանակի համար, այլեւ առաջարկի կառավարման հաջող եւ գրավիչ մոդել, որը կկարողանա  դեմոկրատական ճամբարի կողմը թեքել շատ երկրների, որոնք հակված չեն որեւէ մեկի կողմը գրավել գաղափարաբանական իմաստով խիստ տարանջատված երկբլոկ աշխարհում։

Այսպիսով, ատլանտյան դեմոկրատիաները պետք է շարունակեն հաղթահարել իրենց ներքին խոցելիությունները եւ վերակենդանացնեն լիբերալ ինստիտուտների ներքին հիմքերը։ Չնայած Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումն առաջ է բերել տրանսատլանտյան միասնություն եւ վճռականություն, ոչ լիբերալ պոպուլիզմը, որը հետապնդում է արեւմտյան դեմոկրատիաներին, մեկընդմիշտ չի վերացել։ Միացյալ Նահանգները մնում է խորապես բեւեռացված. անցած տարվա վերջին իրականացված հարցման համաձայն՝ ամերիկացիների 64 տոկոսը մտավախություն ունի, որ դեմոկրատիան ԱՄՆ-ում «ճգնաժամ է ապրում եւ կարող է անհաջողության մատնվել»։ Անզուսպ գնաճի պայմաններում Հանրապետական կուսակցության «Ամերիկան՝ ամեն ինչից առաջ» թեւը պատրաստ է ուժեղանալ նոյեմբերի կեսին։ Ոչ լիբերալ պոպուլիզմը  նախկինի պես ապրում եւ բարգավաճում է նաեւ Եվրոպայում, ինչի մասին ակնհայտորեն վկայում են Հունգարիայում Վիկտոր Օրբանի վերընտրվելը եւ Ֆրանսիայում ծայրահեղ աջերի տպավորիչ ելույթը նախագահի ապրիլյան ընտրությունների ժամանակ։ Ատլանտիկայի երկու կողմերը  դեռ պետք է ծանր աշխատանք կատարեն, որեպսզի իրենց տները կարգի բերեն, եթե ցանկանում են ապահովել մշտակեցությունն ու լիբերալ կարգի գլոբալ գրավչությունը։

Սկսվում է նոր սառը պատերազմ չինա-ռուսական բլոկի եւ Արեւմուտքի միջեւ, բայց երկխոսությունն ավելի կարեւոր կլինի, քան առաջին սառը պատերազմի ժամանակ։ Ավելի փոխկապակցված եւ գլոբալացված աշխարհում Արեւմուտքը պետք է գոնե որոշ չափով պրագմատիկ համագործակցի Մոսկվայի եւ Պեկինի հետ՝ լուծելու համար ընդհանուր խնդիրներ, ինչպիսին են բանակցությունները սպառազինությունների վերահսկման վերաբերյալ, կլիմայի փոփոխությունները զսպելը, միջուկային զենքի տարածման կանխումը, միջազգային առեւտրի կառավարումը, կիբեռոլորտի կառավարումը եւ գլոբալ առողջապահությանն աջակցելը։

Զսպման եւ փոխգործակցության հիբրիդային ռազմավարություն իրականացնելով՝ Արեւմուտքը պետք է փոքր խմբերի նոր ձեւաչափ փնտրի գլոբալ խնդիրների լուծման համար՝ բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելով այն պետություններին, որոնք պետք է ներկա լինեն՝ անկախ ռեժիմի տեսակից։ Եվ եթե անգամ տնտեսական տարանջատման որոշ մակարդակն այժմ անխուսափելի է (Ռուսաստանի դեմ մտցված պատժամիջոցներն ի հայտ են բերել ռիսկեր, որոնք կարող են  ուղեկցել տնտեսական փոխկապվածությանը), արեւմտյան դեմոկրատիաները պետք է ջանան օգտագործել Չինաստանի հետ իրենց առեւտրային ինտեգրացիան ընտրովի համագործակցության ամրապնդման համար։

Արեւմուտքը պետք է նաեւ փորձի թուլացնել ձեւավորվող չինա-ռուսական բլոկը՝ Մոսկվայի եւ Պեկինի միջեւ հեռավորությունն ավելացնելու միջոցներ փնտրելով։ Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանին տնտեսապես եւ ռազմավարական առումով կախյալ է դարձրել Չինաստանից. Պուտինին դուր չի գա լինել Սի Ծինփինի օգնականը։ Ատլանտյան դեմոկրատիաները պետք է օգտագործեն Կրեմլի այս անհարմարավետությունը՝ կապված Չինաստանի կրտսեր գործընկերը լինելու հետ՝ ահազանգելով այն մասին, որ Ռուսաստանն ունի Արեւմուտքի ընտրությունը։ Ռուսաստանը Չինաստանի կարիքն ավելի շատ ունի, քան Չինաստանը Ռուսաստանի, ուստի Արեւմուտքը պետք է նաեւ փորձի Պեկինին հեռացնել Մոսկվայից։ Պեկինի զգույշ պատասխանը Ուկրաինայում պատերազմին ենթադրում է, համենայն դեպս,  անհարմարավետության որոշակի աստիճան՝ տնտեսական եւ աշխարհաքաղաքական ցնցումների հետ կապված»։