Երեքշաբթի առավոտյան նավթի գները տարբեր ուղղություններ ունեն՝ ի հաշիվ ինչպես պահանջարկի, այնպես էլ առաջարկի հետ կապված գործոնների, վկայում են աճուրդների տվյալները։

Brent տեսակի նավթի  սեպտեմբերյան ֆյուչերսի գինն իջնում է 0,25 տոկոսով՝ մեկ բարելը 113,22 դոլար, WTI-ի օգոստոսյան ֆյուչերսինը բարձրանում է 1,45 տոկոսով՝ 110 դոլար։

Նավթի շուկայում երեքշաբթի առավոտյան նկատվում է գների ոչ միանշանակ դինամիկա։ Մի կողմից՝ ներդրողները  շարունակում են գնահատել շուկայում հումքի առաջարկի նվազման տանող գործոնները։ ԶԼՄ-ների տվյալներով՝ Նորվեգիայի նավթագազային ասոցիացիան (NOG) տեղեկացրել է, որ Lederne-ի կառավարիչների արհմիության գործադուլի ընթացքում երեքշաբթի փակվելու են երեք հանքավայրեր։ Դրանից բացի, չորեքշաբթի կարող են փակվել եւս երեք հանքավայրեր, եթե գործադուլավորների պահանջները չբավարարվեն։