Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորն ասել է, որ Նյու Յորքի Ազատության արձանի ապամոնտաժման կոչ կանի, եթե WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին արտահանձնեն եւ դատապարտեն ԱՄՆ-ում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Եթե նրան Միացյալ Նահանգներ տանեն եւ դատապարտեն առավելագույն ժամկետի ու մահվան բանտում, մենք պետք է քարոզչություն սկսենք ֆրանսիացիների նվիրած Ազատության արձանն ապամոնտաժելու համար, որը գտնվում է Նյու Յորքում, որովհետեւ այն այլեւս ազատության խորհրդանիշը չի լինի»,- ասել է նա Ազգային պալատում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Քաղաքական գործիչն ավելացրել է, որ պատրաստվում է հարցը քննարկել Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ բանակցություններում՝ հիշեցնելով, որ ավելի վաղ ներման խնդրանքով դիմել էր Դոնալդ Թրամփին։

Հունիսի 17-ին Բրիտանիայի ՆԳՆ ղեկավար Փրիթի Փատելը որոշում էր կայացրել ԱՄՆ-ին արտահանձնել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին։ Դատարանը գտել էր, որ արտահանձնումը ռեպրեսիվ եւ անարդար միջոց չէ։ Հուլիսի 1-ին Ասանժը բողոքարկել է Մեծ Բրիտանիայից արտահանձնման որոշումը։

Ասանժը հանրահայտ դարձավ տարբեր պետությունների, այդ թվում ԱՄՆ-ի կառավարությունների գաղտնի նյութերի հրապարակման հետ կապված։ Նահանգներում նրան սպառնում է 175 տարվա ազատազրկում՝ գաղտնի տեղեկությունների հրապարակման համար։