Երեկ ժամը 8:30-ի սահմաններում հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ վարչական շրջանի ուղղությամբ, ինչի արդյունքում վնասվել է վարչական շրջանի ղեկավարի նիվա մակնիշի մեքենան։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

Նա նաեւ նշել է. «Իմ հանձնարարությամբ հանձնաժողովի փորձագետը կապ է հաստատել վ/շ ղեկավարի հետ, ով հաստատել է տեղեկությունը եւ նշել, որ բնակիչներն արդեն սովոր են, եւ կրակոցներ պարբերաբար են լինում, ուստի համայնքում խուճապ չկա:

Իսկ ՀՀ Պաշտպանության նախարարությունը, ինչպես եւ սպասելի էր, լուռ է, ադրբեջանական քարոզչամեքենան՝ ակտիվ:

Սա ՀՀ բնակիչների կյանքի եւ խաղաղ ապրելու իրավունքի կոպիտ ոտնահարում է, որի նախադեպերը տեսնում ենք գրեթե ամեն օր: Վաղը եւեթ գրություններ եմ ուղարկելու միջազգային գործընկերներիս՝ ակնկալելով համապատասխան արձագանք ադրբեջանական հանցավոր գործողությունների վերաբերյալ:

Խաղաղության դարաշրջան»:

Ավելի ուշ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով. « Հուլիսի 4-ին, ժամը 21։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան։

Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան»։