Հոգեբան Տատյանա Ժուրավլյովան NEWS.ru-ի հետ զրույցում նշել է, թե ինչպես պետք է խուսափել սկանդալներից ընտանեկան հարաբերությունները քննարկելու ժամանակ։ Փորձագետի խոսքով՝ զուգընկերոջ հետ լուրջ խոսակցությունից առաջ կարեւոր է հարցնել՝ «Ի՞նչ է կատարվում։ Ի՞նչ զգացումներ են պատել ինձ»։ Եվ միայն հետո սկսել քննարկումը։

Հոգեբանը նշել է, որ զգացմունքների մասին խոսելն անհրաժեշտ է, բայց դա պետք է անել ճիշտ ձեւով։ «Ավելի լավ է դա անել «Ես-հաղորդում»-ի միջոցով։ Օրինակ, ոչ թե «դու ինձ զայրացնում ես քո ուշացման պատճառով», այլ՝ «ես զգում եմ, որ զայրանում եմ, երբ ինչ-որ մեկն ուշանում է»։ Այստեղ հասկանալի են թե՛ ձեր զգացմունքները, թե՛ հատկապես որ վարքագիծն է առաջացնում այդ զգացմունքները։ Ընդ որում՝ դուք չեք մեղադրում ձեր զուգընկերոջը, որ նա մեղավոր է այն բանում, որ դուք նման զգացմունքներ ունեք»,- նշել է Ժուրավլյովան։

Մասնագետն ընդգծել է, որ արժե խուսափել մեղադրանքներից, կասկածանքներից, ինչպես նաեւ զուգընկերոջ փաստարկներն ու արձագանքը ծաղրելուց։ Հակառակ դեպքում, ըստ հոգեբանի, «նա պարզապես այլեւս չի անկեղծանա եւ նույն կերպ կարձագանքի ձեր փաստարկներին»։

Եվս մեկ կարեւոր պահ. պետք է չմրցակցել, թե ստեղծված իրավիճակում ում համար է ավելի վատ, այլ փորձել լսել միմյանց։ «Հիշեք, որ դուք մեկդ մեկի դեմ չեք, այլ միասին եք խնդրի դեմ»,- հիշեցրել է հոգեբանը։