Համոզված եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի չի զգում տոնի այն լիարժեք բերկրանքը, որը մենք անկախացումից ի վեր ունեցել ենք այս օրը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, ԱԺ-ի դիմաց «Դիմադրության» շարժման բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

«Սահմանադրությունը մեր երկրի խորհրդանիշն է, բայց այսօր Մայր օրենքը և դրանից բխող բոլոր օրենքները, ցավոք, փոխարինվել են մեկ մարդու, մի քանի հոգու, մեկ խմբակի կամակատարության: Մեր երկրում այլևս հաստատված է փնթի բռնապետություն, մեր երկրում չի գործում խորհրդարանական պետական համակարգը, մեր երկրում գործում է ոստիկանապետություն, որը ծառայում է մեկ մարդու աթոռը պաշտպանելուն։

Ավետիսյանը հայտնեց, որ  ԱԺ ՔՊ մեծամասնության և Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, լեգիտիմությունը 0 է այն պատճառով, որ նրանգ գողացել են հայ մարդու քվեն. «Ժողովրդին խաբել են սրիկայաբար, մինչև վերջ, մանդատը վերցրել են ու մեր երկիրը հետևողական տանում են կործանման: Նրանք իշխանության գալուց առաջ և ընթացքում իրենց աթոռները պաշտպանելու համար խոստանում էին երջանկություն՝ մեր տուն են բերել դժբախտություն, հայրենազրկում: Խոստանում էին բարեկեցություն, բայց հայ մարդն իրենց իշխանության օրոք ամեն հաջորդ օր ավելի վատ է ապրում, քան նախորդ օրը: Մեր երկրում վխտում է աղքատությունն ու քաոսը: Նրանք խոստացել էին Արցախի ինքնորոշում, հայտարարում էին, որ Արցախը Հայաստան է, և վերջ, բայց այսօր նույնիսկ չեն կարողանում արտաբերել, որ Արցախը չեն հանձնելու Ադրբեջանին», - ասաց պատգամավորը։

Թադևոս Ավետիսյանը շեշտեց՝ թշնամու առաջ ծնկած, պարտված և ձախողված իշխանությունը չի կարող խաղաղություն ապահովել. «Նրա բերածը լինելու է կա՛մ նոր պատերազմ, կա՛մ հայրենազրկում, բայց դա չի լինելու։ Սրանք եկան իշխանության և թշնամացրեցին ժողովրդին, որովհետև լավ գիտեն՝ հայ մարդու հավաքական ուժը պարտվել չգիտի», - ասաց պատգամավորը։