Այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, ուղղակի հետեւանքն է 2018 թվականին տեղի ունեցածի, այս մասին սահմանադրականանության խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Ինչ-որ մեկը որոշեց, որ ինքը կլինի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա»,- հիշեցրեց Աննա Մկրտչյանը 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը։ «Ի՞նչ է սա, եթե ոչ բռնություն իշխանական համակարգի եւ սահմանադրականության նկատմամբ։ Նա որոշեց, որ ինքը միակ վարչապետն է, եւ արգելափակելով խորհրդարանը՝ թելադրեց իր կամքը։ Սահմանադրությունը ենթադրում է, որ պատգամավորները պետք է խղճով առաջնորդվեն, իսկ այն ժամանակ նրանց ուղղակի ստիպեցին քվեարկել։ Հիմա ամենամեծ խոչընդոտը երկրում իշխանությունը զավթած մարդիկ են։ Խորհրդարանում նստածներին օրենքները չեն հետաքրքրում, միայն՝ իրենց պարգեւավճարները։ Այս մարդիկ իշխանության են եկել ուժի եւ ագրեսիայի միջոցով։ Հիմա Ազգային ժողովում Սահմանադրությամբ փոքրամասնության իրավունքների հետ կապված տրամաբանություն չկա։ Փոքրամասնության համար կանոնակարգով ընձեռված բոլոր հնարավորություններն արգելափակվում են մեծամասնության կողմից։ Եթե ընդդիմության թեկնածությունը նրանց դուր չի գալիս, օրենք են փոխում, ստիպում են ընդդիմությանը փոխել թեկնածուին»,- թվարկեց Աննա Մկրտչյանը՝ հավելելով, որ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի ընտրությունն էլ է խախտումով եղել, սակայն ՍԴ-ն գերադասեց դա չտեսնել։

Մեկ տարուց ավելի է ընդդիմադիր պատգամավորների առաջարկած ոչ մի այլընտրանքային օրակարգ չի ընդունվում, չի քննարկվում, իսկ իշխանության կուսակցությունն ուղղակի անտեսում է՝ ցույց տալով, որ անում է այն, ինչ ուզում է։ Եվ նույնիսկ ջանք չի թափում ժողովրդավարության պատկերը պահպանել։ Օրենքներն ու սահմանադրական բարեփոխումները թելադրված են այսրոպեական շահերով, հայտարարեց պատգամավորը։ «Իրավունքը, օրենքը եւ Սահմանադրությունը նրանք փորձում են խցկել այն դագաղների մեջ, որոնցով շրջում էին 2018 թվականին հրապարակում։ Իրավիճակը բեկելու միակ ճանապարհը նրանց իշխանությունից հեռացնելն է»,- եզրափակեց Մկրտչյանը: