ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Մոհամմադ Բարկինդոն ասել է, որ տարիներ շարունակ անբավարար ներդրումների հետեւանքով նավթի եւ գազի արդյունաբերությունը «շրջափակման մեջ է» հայտնվել եւ նշել, որ մատակարարումների անբավարարվածությունը հնարավոր է հաղթահարել, եթե թույլատրվենլրացուցիչ մատակարարումներ Իրանի Իսլամական Հանրապետությունից եւ Վենեսուելայից, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

«Մենք կարող ենք ազատել ռեսուրսներն ու հզորացնել կարողությունները, եթե Իրանի Իսլամական Հանրապետությունում եւ Վենեսուելայում արդյունահանվող նավթը թույլ տան շուկա վերադարձնել», - ասել է Բարկինդոն Նիգերիայի մայրաքաղաքում կայացած էներգետիկ կոնֆերանսի ընթացքում:

Հակառակ գլոբալ տաքացումը դանդաղեցնելու ցանկությանը՝նավթի պահանջարկն աճում է, ի հակադրություններդրումների նվազման:

Բարկինդոյի կանխատեսումների համաձայն՝ աշխարհում նավթի առաջնային պահանջարկը կաճի մինչեւ 2045 թվականը, մինչդեռ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության երկրներում վերամշակող հզորությունները 2021 թվականին կնվազեն 3,3 տոկոսով։

«Այս պահին մեր արդյունաբերությունը բախվում է հսկայական մարտահրավերների բազմաթիվ ճակատներում: Եվ դա սպառնում է մեր ներդրումային ներուժին այժմ ու երկարաժամկետ հեռանկարում: Կոպիտ ասած, իմ սիրելի ընկերներ, նավթագազային արդյունաբերությունը շրջափակման մեջ է»,- ասել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարը՝ վկայակոչելով Եվրոպայում առկա աշխարհաքաղաքական զարգացումները:

«Ուկրաինայում շարունակվող պատերազմը, COVID-19 համաճարակը, որը դեռ մեզ հետ է, եւ ամբողջ աշխարհում առկա գնաճը, միաձուլվել են կատարյալ փոթորկի մեջ, որը զգալի անկայունություն եւ անորոշություն է առաջացնում ընդհանրապես ապրանքային շուկաներում։ Ամենակարեւորը՝ էներգետիկ աշխարհում»,- եզրափակել է նա: