Yerkir.am-ն օրեր առաջ անդրադարձել էր ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի՝ ԱԺ-ում ելույթին, որում նա հայտնել էր թե, իբր, ինքը 44-օրյայի օրերին եղել է ինչ-որ «Գեղարքունիք» ջոկատի հրամանատար, և իբր իր մոտ են բերել ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հորը՝ Վաչիկ Սաղաթելյանին, որն էլ իբր թե խնդրել է Նարեկ Գրիգորյանին, որ ինքը հիվանդ է, իրեն թողնեն՝ գնա տուն։

Հրապարակման մեջ հայտնել էինք, որ, ըստ հավաստի տեղեկությունների, Նարեկ Գրիգորյանը գրանցված է եղել և մինչ 2018 թ. պարբերաբար ներկայացել է Սևանի հոգեբուժարան, և միայն Փաշինյանի իշխանության գալուց հետո այլևս չի ներկայացել այնտեղ։ Ըստ տեղեկությունների՝ երբ հոգեբուժարանի աշխատակիցները վերստին ցանկացել են կանչել Նարեկին, աշխատակիցներին հուշել են, որ գործ չունեք, մի՛ կանչեք այլևս, ավելորդ գլխացավանքի մեջ կընկնեք։

2018-ից հետո Նարեկը նաև ցանկացել է դուրս գալ հաշվառումից, սակայն հոգեբուժարանի տնօրինությունը չի հանել՝ հիմքերի բացակայության բերմամբ, ինչի պատճառով էլ կոնֆլիկտ է եղել Նարեկ Գրիգորյանի ու հոգեբուժարանի տնօրինության միջև։

ՀՀ առողջապահության նախարարին հարցում էինք ուղարկել՝ պարզելու, թե ինչո՞ւ, 2018-ից սկսած, Նարեկ Գրիգորյանին այլևս չեն կանչել հոգեբուժարան, և ի՞նչ հիմքեր են ներկայացված այդ կապակցությամբ։ Հարցրել էինք՝ արդյո՞ք պատասխանատվության ենթարկվել է «Սևանի հոգեկան առողջության կենտրոնի» տնօրինությունը՝ իր հաշվառման տակ գտնվող հիվանդին անտեսելու կամ կանխամտածված կերպով հաստատություն չկանչելու համար, ինչպիսի՞ն են եղել այդ պատժական կամ կարգապահական  տնօրինումները, արդյո՞ք պատասխանատվության ենթարկվել է Նարեկ Գրիգորյանը՝ իր հաշվառման վայր այցելելուց խուսափելու համար, ինչպիսի՞ պատժական կամ կարգապահական տնօրինումներ են կիրառվել Նարեկ Գրիգորյանի հանդեպ, արդյո՞ք նրա հոգեկան առողջությունը թույլ է տվել, որպեսզի նա 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ կազմի ջոկատ, զինվի և մարդկանց ուղեկցի մարտական գործողությունների, ՀՀ առողջապահության նախարարությունն  ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկել՝  այդ ամենը վերահսկելու համար:

Ինչպես և սպասելի էր՝ ոստիկանության առերևույթ հանցավոր գործողություններն  արդարացնող և կարմիրբերետավորների վայրագություններին ծափահարող (որոնց հետևանքով «Դիմադրություն» շարժման խաղաղ անհնազանդությունների հարյուրավոր մասնակիցներ ստացել են մարմնական ծանր վնասվածքներ) նախարար Անահիտ Ավանեսյանը խուսափել է կոնկրետ պատասխանից՝ փորձելով փրկել Նարեկ Գրիգորյանին: Հղում անելով օրենքներին և բժշկական գաղտնիք համարելով պացիենտի առողջական վիճակի մասին կամ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար դիմելու կամ ստանալու մասին, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու ընթացքում պարզված տվյալները՝ առողջապահության նախարարությունից ո՛չ հերքել, ո՛չ հաստատել են, թե, ի վերջո, Նարեկ Գրիգորյանը գրանցվա՞ծ է Սևանի հոգեբուժարանում:

Հիշեցնենք՝ ևս մեկ հարցում ուղարկել ենք պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե ի՞նչ  հիմքերով է նման խայտառակ և վտանգավոր կենսագրության տեր անձնավորությանը թույլ տրվել կազմել ջոկատ, և արդյո՞ք հանրության համար վտանգավոր չի եղել զենք-զինամթերք հանձնել նշված անձին։ Հարցման օրից անցել է 20 օր, և դեռ որևէ պատասխան չենք ստացել: Ամեն պարագայում՝ ՊՆ-ի ցանկացած վերաբերմունք ևս պատասխան է, ինչից հստակ եզրակացություն կարվի, և հերթական անգամ կպարզվի շարքային ձկնավաճառի իրական դեմքը: